«Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ քննարկել են Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների հետ կապված հարցեր:
«Տեսակետներ հնչեցին, դրական և բացասական փաստեր ներկայացվեցին պատգամավորների կողմից, և յուրաքանչյուր պատգամավոր իր խղճով քվեարկություն կկատարի՝ կողմ կամ դեմ: Սա հերթական ընտրությունն է ԱԺ-ում, պետք չէ ծայրահեղացնել:
Ես այստեղ ոչ մի ծայրահեղական բան չեմ տեսնում, ուղղակի մենք մեզ համար պետք է սահմանենք չափանիշներ և պահպանենք Սահմանադրության մեջ ընդգրկված այն չափանիշները, որ թեկնածուն պետք է լինի ապաքաղաքականացված անձ, պետք է ունենա համապատասխան գիտելիքներ և որակավորում, որպեսզի կարողանա մոտակա 12 տարիների ընթացքում իրականացնել սահմանադրական արդարադատություն: Մենք ընտրում ենք այսօր, բայց կարող է ինքը լիովին այլ իշխանության օրոք իրականացնի սահմանադրական արդարադատություն: Մենք պետք է հասկանանք, որ ընտրում ենք մի անձի, որ մոտակա 12 տարվա մեջ պետք է պատասխանատվություն կրի Սահմանադրության համար և այնպիսի արժեքներ պետք է ունենա, որ մեր պետությունը բերի այն բարձունքների, որոնք ցանկանում ենք»,- նշեց Բաղդասարյանը: