Հուլիսի 21-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկութուններ են ստացվել, որ Վայքի բուժմիավորման վիրաբույժը, բացի պետական վճարը, վիրահատության համար պահանջել և ստացել է նաև ապօրինի վարձավճար:
Ըստ նախնական տվյալների` ամուսնու լեղապարկի վիրահատության համար պացիենտի կինը հուլիսի 2-ին բուժմիավորման դրամարկղ վճարել է 180 հազար դրամ, ինչի համար ստացել է անդորրագիր: Սակայն վիրաբույժի պահանջով կինը հիվանդանոցին կից դեղատնից գնել է վիրահատության համար անհրաժեշտ դեղեր` մոտ 30 հազար դրամի, նաև վիրաբույժին առձեռն տվել է 130 հազար դրամ, ինչի դիմաց, բնականաբար, անդորրագիր չի ստացել:
Հուլիսի 30-ին ոստիկանության Վայքի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է նախաքննության:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: