Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Վայոց ձորի մարզ գործուղված արագ արձագանքման խումբն այցելել է ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժին: Այցի ընթացքում պարզվել է, որ Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ վարչական ձերբակալման է ենթարկվել 10 անձ:
Բացի դրանից, ըստ ոստիկանության պարզաբանման՝ բերման է ենթարկվել «Լիդիան Արմենիայի» պահնորդական ընկերության թվով 4 աշխատակից՝ խուլիգանության կասկածանքով: Բաժնում գտնվելու ընթացքում պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել այդ պահին բաժնում գտնվող անձանց, այդ թվում՝ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման անդամներ Վահագն Վարագյանի և Ռաֆայել Հովհաննիսյանի հետ, ուսումնասիրել նրանց վերաբերող փաստաթղթերը:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները կայցելեն նաև Ամուլսարի հանքի չշահագործման համար տարածքում հերթապահություն իրականացնող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը վաղ առավոտից հետևում է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Պաշտպանը ներկայացուցիչները մշտական կապի մեջ են Ոստիկանության, Ջերմուկի քաղաքապետարանի, տեղական կառավարման այլ մարմինների հետ, ինչպես նաև իրականացնում են բողոքի ակցիաների մշտադիտարկում:
Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։