Կրթության ոլորտի պատասխանատուների հետ երկար սպասված երկխոսությունն այդպես էլ չկայացավ,- ցավով արձանագրում է Մայր Աթոռի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Ասում է՝ ամբողջ կազմով պատրաստ էին գործակցության, բայց այդպես էլ չեն հրավիրվել մասնակցելու չափորոշիչների մշակման աշխատանքներին: Հիմա ստիպված են հրապարակել իրենց մտահոգությունները և ընդգծում են ՝ անընդունելի է որպես առանձին բաղադրիչ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը դպրոցից: Աթեիստական դպրոց մենք արդեն ունեցել ենք,- փաստում է Աջապահյանը:
Փաստարկները, թե եկեղեցու պատմությունն ինտեգրվել է այլ առարկաներին, բանախոսները համոզիչ չեն համարում: Նշում են՝ հանրակրթության պետական առարկայական նոր չափորոշիչներում ընդգրկված է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ծավալի ընդամենը 30%-ը: Արդյունքում` հայ երեխաները զրկվում են 2000-ամյա ազգային եկեղեցու պատմությանը ծանոթանալու, հոգևոր-քրիստոնեական արժեհամակարգով դաստիարակվելու հնարավորությունից։
Առարկայի 15-ամյա պատմության ընթացքում արդյո՞ք պատշաճ կերպով է Հայոց Եկեղեցու պատմությունը դասվանդվել հանրակրթական դպրոցում, երբ հաճախ դրանով զբաղվում էին ոչ մասնագետները: Արքեպիսկոպոս Աջապահյանն ընդունում է, որ դասվանդումը կատարյալ չի եղել, բայց նաև այդ և մյուս բոլոր բացերը լրացնելու նպատակին պետք է ծառայեր շահագրգիռ ու կառուցողական երկխոսությունը: