Պարետատան նիստից հետո անցկացվող ճեպազրույցի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ պետք է շարունակել հակահամաճարակային կանոնների պահպանումը: Նա շեշտեց, որ դրանք տալիս են իրենց արդյունքը, և կա կայունացող և դեպի լավը գնացող իրավիճակ:
«Երբ հետահայաց նայում ենք այն պահին, երբ սկսեցինք ունենալ թվերի իջեցում, հաշվարկները ցույց են տալիս, որ մենք շաբաթական կտրվածքով ունենում ենք մոտ 50-100 նվազ դեպք մեկ օրվա հաշվարկով, քան նախորդ շաբաթ: Այդ իրավիճակը, եթե կարողանանք կանոնները պահելով պահպանել, իրական շանս ունենք եթե ոչ զրոյացնելու կորոնավիրուսի արձանագրվող նոր դեպքերը, ապա այնքան իջեցնելու, որ համարենք՝ այն այլևս այդ պահին մեզ համար առողջապահական խնդիր չէ»,- ասաց Թորոսյանը:
Նա նշեց, որ ամենածանր օրերին եղել են մոտ 650 քաղաքացիներ, որոնք ծանր ու ծայրահեղ ծանր էին, իսկ այդ թիվն այսօր տատանվում է 350-ի շրջանակում:
«Ունենք 300 քաղաքացի ծանր վիճակում և 68 քաղաքացի՝ ծայրահեղ ծանր վիճակում, թոքերի օդափոխության սարքերին միացված է 24 քաղաքացի»,- ասաց նախարարը:
Արսեն Թորոսյանը տեղեկացրեց նաև, որ ծավալված մահճակալային ֆոնդը կրկին հետ է ծավալվում՝ արդեն կա 15 բուժկենտրոն, որը զբաղվում է կորոնավիրուսային հիվանդությամբ՝ նախկին 20-ի փոխարեն:
Նախարարը հայտնեց, որ մոտ օրերս ևս 2-ը պլանավորվում է վերադարձնել հիմնական աշխատանքին: