ՀՀ առաջին նախագահ, արևելագետ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչի բանավեճից տպավորություն է ստեղծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը։
Հիշեցնենք, որ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը խիստ քննադատել էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրապարակած «Հայոց պատմություն» առարկայի նոր չափորոշիչները։ Աշոտ Մելքոնյանը նույնիսկ հրավիրել էր ԱԱԾ ուշադրությունը և հայտարարել, թե չափորոշիչների հեղինակներից Լիլիթ Մկրտչյանը նախկինում Թուքիայի ներկայացուցիչների հետ գրքեր է հեղինակել:
ilur.am-ը այս բանավեճի կապակցությամբ մեջբերել է Տեր-Պետրոսյանի խոսքերը․ «Նիկողայոս Ադոնցի, Հակոբ Մանանդյանի, Սուրեն Երեմյանի և Գագիկ Սարգսյանի նման հսկաներ ունեցող հայ պատմագիտությունը իրավունք չունի իջնելու այս մակարդակին, որով մենք, ըստ էության, հավասարվում ենք թուրքական և ադրբեջանական պատմագիտություններին։ Եթե թուրքերն ու ադրբեջանցիները պատմությունը կեղծում են, դա չի նշանակում, որ մենք էլ պետք է կեղծիքների դիմենք։ Ավելի նվաստացուցիչ դեգրադացիա (ներողություն օտար բառ օգտագործելու համար) հնարավոր չէ պատկերացնել»։