Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր հանդիպել է «Էկոոլայֆ» ընկերության ներկայացուցիչներին՝ ղեկավար Կարեն Ռոստոմյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ու ծրագրերի, զբոսաշրջության ու վերլուծության բաժնի պետ Հերմինե Գասպարյանը:
«Ընկերությունը Լոռու մարզում նախատեսում է իրականացնել թափված տերևների, էտած ճյուղերի, ծղոտի մշակման արդյունքում պելետների արտադրություն, ինչպես նաև հնձած խոտից կոմբիկերի (լյուցերն) և գոմաղբից պարատանյութի պատրաստում:
Պելետը արդիական վառելանյութ է և օգտագործման տեսանկյունից մեծ տարածում ունի Եվրոպական երկրներում ու Ռուսաստանում: Ընկերության ղեկավար Կարեն Ռոստոմյանը, ներկայացնելով ներդրումային ծրագիրը, կարևորել է հատկապես ծրագրի բնապահպանական բաղադրիչը:
Այն ենթադրում է՝ շրջակա միջավայրի պահպանում՝ թափված տերևների այրման հետևանքով առաջացող թունավոր նյութերով աղտոտումից, աղբավայր տարվող աղբի ծավալների նվազեցում թափված տերևների և էտած ճյուղերի չափով, այլընտրանքային վառելիքի պատրաստում, ինչը կնպաստի անտառների պահպանմանը:
Ծրագրի իրականացման արդյունքում մարզում կստեղծվեն հիմնական ու սեզոնային աշխատատեղեր: Հավաքված տերևներն ու ճյուղերը արտադրամասին հանձնող համայնքներն ու անհատներն էլ կստանան դրամական փոխհատուցում՝ հանձնած հումքի դիմաց:
Ողջունելով նախաձեռնությունը՝ Ա. Ղուկասյանը վստահեցրել է, որ պատրաստակամ է աջակցել մարզի զարգացմանը նպաստող ցանկացած ներդրումային ծրագրի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտադրամասի կառուցապատման համար նպաստավոր տարածքների ընտրության ավարտից հետո անցնել գործնական քայլերի: