Հուլիսի 29-ին մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում, օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում անցկացվում են համատեղ ցամաքային վարժանքներ:
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» տեսակետներն արտահայտող տելեգրամյան ալիքում հրապարակվել է հոդված, որը նվիրված է նախիջևանյան հատվածում թուրք-ադրբեջանական զորվարժություններին, դրանց տրվել են չափազանց կոշտ գնահատականներ: Այդպիսի գնահատականների են արժանացել նաև էրդողանյան վարչակարգը և ադրբեջանական պետությունը, որը՝ որպես պետական կազմավորում, այդ անունով ընդհանրապես չի հիշատակվում, այլ նշվում է որպես «Բաքվի Հանրապետություն» կամ «Բաքվի իշխանություններ»:
Ինչպե՞ս է իր հյուսիսային սահմանի ուղղությամբ ընթացող զորավարժություններին վերաբերվում հարևան Իրանը: Թեմայի շուրջ 1Lurer.am-ը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:
Նրա խոսքով՝ Իրանը, իհարկե, անհանգիստ է նման զորավարժություններով՝ հաշվի առնելով երկու գործոն. թե՛ աշխարհագրական գործոնը. այս պետությունը Հայաստանի Հանրապետության հետ միասին Նախիջևանի հետ ամենաերկար սահմանն ունեցող երկիրն է, թե՛ երկրորդ բաղադրիչը՝ Իրանի աշխարհաքաղաքական շահերը, որոնք ենթադրում են հնարավորինս թույլ թյուրքական գոյություն մերձավորարևելյան տարածաշրջանում: Եթե իրանցիները գոնե այս պահին Թուրքիային չեն դիտարկում որպես հակառակորդի, ապա առնվազն համարում են իրանական շահերի տեսանկյունից որոշակի առումով մրցակից պետություն, և դա վերաբերում է ողջ մերձավորարևելյան տարածաշրջանին, հատկապես այն պետություններին, որոնց հետ տարբեր գործընթացներում ներգրավված է Իրանը: Խոսքը Սիրիայի, նաև այլ տարածաշրջանների մասին է:
«Գիտեք՝ Թուրքիայի քաղաքականությունն էրդողանյան վարչակարգի կառավարման ժամանակահատվածում հիմնվում է երեք հիմնական ուղղությունների կամ գաղափարախոսական առանցքների վրա.
-
առաջինը՝ Օսմանյան կայսրության պատրանքներն են.
-
երկրորդը՝ համասուննիական առաջնորդության պատրանքները.
-
երրորդը՝ համաթյուրքական պատրանքները:
Այդ երեք պատրանքներն էլ, ըստ էության, հակասում են Իրանի շահերին՝ որպես մերձավորարևելյան գերտերության: Գիտեք՝ Իրանն Օսմանյան կայսրության հետ ունեցել է երկարատև հակամարտության փուլ, Իրանի հյուսիսը բնակեցնում են թյուրքախոս իրանցիներ, ատրպատականցիներ, որոնց շրջանում հիմնականում ադրբեջանական խողովակներով և Թուրքիայի սերմանած անջատողական տրամադրություններով փորձ է արվում պառակտություն մտցնել իրանական հասարակության մեջ: Չնայած ոչ մեծ հաջողությամբ, այնուհանդերձ, որոշակի պանթյուրքական ուղղվածության լուսանցքային խմբեր Իրանի հյուսիսում՝ Ատրպատականում, առկա են, որոնք ունակ են ոչ մեծ գործեր կատարելու, բայց մեծ աղմուկ բարձրացնելու: Եվ, բնականաբար, մյուս ուղղությունը համասուննիական առաջնորդության խնդիրն է, որը հակասում է Իրանի շահերին՝ որպես շիայական առանցքային և կենտրոնական երկրի, շիայականության միջնաբերդի: Այս համատեքստում ցանկացած թուրքական ակտիվություն, հատկապես Իրանի սահմանների մոտակայքում, վտանգում է Իրանի ազգային և պետական շահերը, ուստի այս համատեքստում մենք Իրանի հետ հանդես ենք գալիս որպես բնական դաշնակիցներ և պետք է օգտվենք այդ հանգամանքից»,- նշեց Ոսկանյանը:
Ակնկալել, թե Իրանը հանդես կգա հոխորտալից հայտարարություններով պաշտոնական մակարդակում, տեղին չի լինի՝ նշեց իրանագետը՝ հավելելով, որ իրանցիները գործողությունների ժողովուրդ են, ոչ թե հռետորաբանության, և դա արտահայտվում է նաև պետական մակարդակում իրականացվող քայլերի շրջանակում:
«Բայց իրանական ԶԼՄ-ները, հատկապես՝ այլ պետության ներսում հսկայական և վճռորոշ դերակատարություն ունեցող այնպիսի կառույցի ԶԼՄ-ները, ինչպիսին է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը», բնականաբար, խնդրին կանդրադառնան, նաև գործնական տիրույթում կիրականացնեն քայլեր: Գիտեք՝ նախիջևանյան հատվածը Իրանից կախված է երկու կարևոր արյունատար երակներով: Մեկը՝ ցամաքային կապն է Ադրբեջանի հետ, երկրորդը՝ գազի մատակարարման խնդիրն է: Այս երկու զարկերակները, ըստ էության, գտնվում են իրանական վերահսկողության տակ և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում իրանցիները կարող են դրանք փակել, ինչը կբերի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում անկառավարելի իրավիճակի»:
Կարևոր գործոն են նաև իրանական շիամետ խմբավորումները ողջ Ադրբեջանի տարածքում, այդ թվում՝ Նախիջևանի, և դրանք բացահայտ հակաթյուրքական ուղղվածության են, և իրենց հիմնական կենտրոն և՛ կառավարման, և՛ գաղափարական իմաստով դիտարկում են Իրանի զանազան հոգևոր շրջանակներ:
«Այդ գործոնն էլ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում չափազանց կարևոր խնդիր է և հզորագույն լծակ՝ Իրանի ձեռքին: Որովհետև եթե Թուրքիան այսքան տարիների ընթացքում աշխատել է Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի հետ, Իրանն աշխատել է հասարակ բնակչության հետ՝ ձեռք բերելով համակիրների հսկայական բանակ, հատկապես, Ապշերոնյան թերակղզում և թալիշաբնակ շրջաններում, նաև Նախիջևանում: Ուստի իրանցիներն ունեն իրավիճակի վրա ազդելու հզորագույն լծակներ»,- նշեց Ոսկանյանը: