Լույսը վառեք, թե էլեկտրական սրճեփը միացնեք՝ հիշեք ստուգել... արդյո՞ք վերակնքել եք ձեր բնակարանի էներգիայի մատակարարման պայմանագիրը: Ում փաստաթուղթը չթարմացվի՝ Հայաստանի էլեկտրական ցանցերն անջատելու է հոսանքը: Այդ խնդիրն էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում:
ՀԷՑ-ի ու սպառողի միջև գործող պայմանագրերի վերակնքումը պետք է ավարտված լիներ մինչև մարտի 1-ը: Ավարտված չէ. կորոնավիրուսի պատճառով են խուսափել բաժանորդների տներ այցելելուց ու մարդկանց հետ շփվելուց,- կարգավորիչ հանձնաժողովին պարզաբանեց էլցանցերի իրացման գծով տնօրենը: Բացատրությունն ընդունելի էր, բայց քանի որ նախապես չէին տեղեկացրել՝ ընկերությունը զգուշացում ստացավ: Նաև լրացուցիչ 6 ամիս ժամանակ, որ արտակարգ դրությունից հետո գոնե ավարտի երեք տարի առաջ սկսած գործը: Բաժանորդների 11 տոկոսը դեռևս չի վերակնքել էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիրը` տարբեր պատճառներով:
ՀԷՑ-ի ներկայացուցիչը պնդեց՝ իրենց էլ ձեռնտու չէ հոսանքազրկել մի քանի տասնյակ հազար բաժանորդի: Սակայն կան հանրային սպառողներ՝ չունեն օգտագործած տարածքի համար պահանջվող սեփականության վկայականը: Որոշ տների դեպքում՝ երկրից բացակայող սեփականատերը չի ուզում կոմունալները վճարող վարձակալին լիազորագիր տալ՝ իր փոխարեն ստորագրելու: Ինչ խնդիր էլ լինի, պետք է լուծել,- խորհուրդ է տալիս հանձնաժողովի իրավաբանը:
Սպառողներին նաև վստահեցնում են. նոր պայմանագիրը ֆինանսական որևէ փոփոխության չի հանգեցնում. այնպես որ պետք է հանդիպել տարածքի էլեկտրիկին ու կնքել փաստաթուղթը: