ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր Երևանում և հանրապետության մարզերում կասեցրել են սննդի շղթայում գործող շուրջ երեք տասնյակ տնտեսավարողների գործունեությունը, որոնք խախտել են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:
Դրանցից 2-ի աշխատանքը դադարեցվել է 168, 6-ինը՝ 72 ժամով. հանրային սննդի օբեյկտներ են, որոնցում չեն պահպանվել նարգիլե չօգտագործելու, սոցիալական հեռավորություն ապահովելու, դիմակը պատշաճ կրելու նորմերը, և պահածոների արտադրություն, որտեղ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները եղել են թերի լրացված, բացակայել են պահանջված համապատասխան քանակությամբ փակվող աղբամանները՝ նախատեսված օգտագործված դիմակների համար:
Երևանում ՍԱՏՄ տեսուչների մշտադիտարկումները սննդի շղթայում գործող կազմակերպություններում, արձանագրել են պատասխանատու և գրեթե անթերի պատկեր. դիտարկված օբյեկտներում խախտումներ չեն հայտնաբերվել:
Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները Երևանում փաստում են, որ մայրաքաղաքում տնտեսավարողներն առավել բարեխիղճ ու լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։ Մարզերում դեռ շտկելու խնդիրներ կան:
ՍԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել պարետի սահմանած անվտանգության նորմերը. Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է: