Օգոստոսի 5-ին՝ ժամը 11.30-ի դրությամբ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ Շիրակի մարզի 37 բնակիչ է բուժվում։ Այս մասին նշված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7914 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 4-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 6560 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 564 քաղաքացի, նրանցից 131-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 474 բնակիչ։
53 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 36 դեպք»,- ասվում է հաղորդագրության մեջ: