Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ, հնարավոր է, մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառ է հանդիսացել 6 տարի շարունակ նավահանգստում 2750 տոննա ամոնիումի նիտրատի (ամոնիումային սելիտրա) անպատշաճ կերպով պահպանումը։ Դա համարժեք է 1800 տոննա տրոտիլի։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ դեռևս 4 ամիս առաջ հաշվետվություն էր կազմվել ծովային նավահանգստում նման բեռի պահման վտանգի մասին: Որոշ տվյալների համաձայն՝ պահեստում կարճ միացում է տեղի ունեցել, որի հետևանքով հրդեհ է առաջացել, ինչի արդյունքում էլ բռնկվել է նիտրատը:
Վերջին տվյալների համաձայն, պայթյունի հետևանքով զոհվել է 78 մարդ, տուժել՝ ավելի քան 4000-ը։ Երկրում մինչև օգոստոսի 18-ը արտակարգ դրություն է հայտարարվել: Մի շարք երկրներ Լիբանանին օգնելու պատրաստակամություն են հայտնել։