Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումը Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։ Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։ Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ»,- ասել է Նաղդալյանը։
Նա նշել է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում են կապ պահպանել բացառապես իր հետ՝ դեսպանությանը թույլ տալով անխափան իրականացնել համակարգման ողջ աշխատանքը։ Ձեռնարկվող քայլերի մասին տեղեկատվությունը կտրամադրվի հավելյալ։