Ծիրանի այգին այս տարի՝ Ղուկաս Սրեյանին հուսախաբ է արել: 4 մլն դրամի բերք էր սպասում. ոչինչ չքաղեց: Եղանակը զրկեց եկամտից, բայց դաշտի ֆինանսական հարցերը, միևնույն է, վնասով չի փակի: Բախտը նրանով է բերել, որ գարնանը Հայաստանում առաջին անգամ փորձարկված ծրագրով այգին ապահովագրել էր՝ ասում է արմավիրցի գյուղատնտեսը: Ստացած փոխհատուցման հաշվին կվճարի ծառերը ջրել-պարարտացնելու ծախսը:
Հարևանությամբ կան նաև ցրտահարությունից տուժած, բայց չապահովագրված հողեր: Ղուկաս Սրեյանը հիշում է, երբ գյուղապետ էր՝ 2004 թվականին, Ջանֆիդայում այնպիսի կարկուտ եկավ... արտ-այգի՝ ամեն ինչ գետնին տապալեց: Այդ օրվանից որոշել էր՝ երկրում գյուղապահովագրություն լինի, անպայման օգտվելու է. այդպես էլ արել է, ապահովագրել իր բոլոր դաշտերը:
Հայաստանում, ընդհանուր վերցրած, պիլոտային ծրագրով այս տարի վաճառվել է 1546 գյուղապահովագրական պայմանագիր: Ցուրտ-կարկուտից տուժած շահառուներն արդեն սկսել են դիմել փոխհատուցման համար՝ ներկայացնում է էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան:
Տարվա վերջին միայն կարող են ասել՝ ապահովագրական շուկան ինչպես է արձագանքում փորձարկվող ծրագրին: Եղանակի ռիսկերից ազատվելու տարբերակը գյուղացիներին կարծես գոհացնում է, փաթեթը կընդլայնեն,- կանխատեսում է Իռա Փանոսյանը:
Կառավարությունում հույս ունեն՝ ապահովագրվող այգիների քանակը հաջորդ տարի կավելանա: Կավելանա՝ վստահ է արմավիրցի ֆերմերը. գյուղում բոլորը տեսան, որ ցրտահարված դաշտի համար ինքը գումար ստացավ: