Կան արդեն մշակված մոդելներ, թե ինչպես ենք բացելու դպրոցները և բուհերը, վերջնական ծրագիրը կներկայացնենք մինչև օգոստոսի 10-ը: Նման ծրագրեր մշակվել են նաև այլ ոլորտների համար: Այդ մասին պարետատան նիստից հետո ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
Նա հայտարարեց, որ որոշում է կայացվել արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգել, սակայն էական փոփոխություններ են լինելու որոշակի արգելքների հետ կապված: Մասնավորապես, վերանայվելու է օտարերկրացիների մուտքի հետ կապված հարցը, վերանայվելու են որոշ ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու և հանրային միջոցառումներ անցկացնելու հարցերը: Դրանց մասին կհայտարարվի օգոստոսի 12-ին:
«Սահմանափակումների թուլացումը կախված է լինելու մեր վարքագծից, թե ինչպես ենք պահպանում հակահամաճարակային կանոնները»,- ասաց պարետը:
Նա նշեց, որ սա կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը, որից հետո ԱԺ-ում կքննարկենք արտակարգ իրավիճակով պայմանավորված օրենքներում փոփոխություններ իրականացնելու հարցը, և եթե դրական տենդենցը պահպանվի, մենք աստիճանաբար կվերադառնանք մեր բնականոն կյանքին»: