Հայաստանում կորոնավիրուսի վիճակը շարունակում է բարելավվել: Օգոստոսի 4-ին՝ հունիսի 4-ից հետո, բուժվող քաղաքացիների թիվը 8000-ից պակաս է, բոլոր ցուցանիշներով գտնվում ենք հունիսի սկզբի թվերի մակարդակին: Այդ մասին պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս բարենապաստ զարգացումները, սակայն, վատ լուրեր են բերել: Անզեն աչքով նկատելի է, որ ՀՀ քաղաքացիները թվերի անկումը սկսել են մեկնաբանել որպես հակահամաճարակային կանոնները չպահպանելու առիթ, շատերին թվում է, որ կորոնավիրուսը հաղթահարված է: Դա, իհարկե, այդպես չէ: Համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարդ, և եթե մեր արձագանքը չլինի պատշաճ, մենք կարող ենք նորից իրավիճակը ետ գլորել հուլիսի առաջին շաբաթվա իրավիճակին, որը մեզ մոտ համաճարակի պիկն էր»,- նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ համաճարակի դեմ պայքարը Կառավարության և քաղաքացիների համագործակցության արդյունքում կարող է հաղթահարվել: «Քաղաքացիները պետք է արձագանքեն Կառավարության կոչերին: Լավատեսության ֆոնին անհրաժեշտ է խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները: Դիմակի կրումը բաց և փակ տարածքներում պարտադիր է, վարչական մեթոդներն էլ շարունակելու են կիրառվել: Մենք շանս ենք ստացել հաղթահարելու այս իրավիճակը, և այն կախված է մեզնից յուրաքաչյուրիցս»,- ընդգծեց վարչապետը: