ՀՀ կառավարությունը՝ Արտաքին գործերի նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝ մեր երկրից եղբայրական Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Քննարկումների արդյունքում հստակեցվել են կարիքների հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով:
Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի և այլ պարագաների տեսքով:
ՀՀ կառավարության օգնությունը տեղ կհասնի հնարավորինս արագ՝ հատուկ չվերթով:
Հիշեցնեմ, վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ՝ Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը հայտնելով օժանդակություն ցուցաբերել բարեկամ Լիբանանին և նրա եղբայրական ժողովրդին»,- գրել է Մ.Գևորգյանը: