Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. հուլիսը 2019թ. հուլիսի նկատմամբ) կազմել է 1.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 2.1% գնանկում: Տվյալները հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
2020թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.15% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.27% նվազում): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2020թ. հուլիսին հունիսի համեմատ սպառողական գները նվազել են 2.7-1.9%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնանկում արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նվազել է 1.9%-ով: Սննդամթերքի գներ: 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնաճ, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 5.5% գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել է բանջարեղենի և մրգի՝ համապատասխանաբար 25.2% և 10.3% գնանկումը: Բանջարեղենի ապրանքախմբում1 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 5.4%, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 25.2% գնանկում:
Մրգի ապրանքախմբում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 33.6% գնաճ, իսկ 2020թ. հունիսի համեմատ`10.3% գնանկում:
2020թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 19.13%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 10.32% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 2.0 տոկոսային կետով: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 4.6%, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 2.1% գնանկում: Ձվի գինը 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ նվազել է 24.1%-ով, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 8.7%-ով: Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 4.0%, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 1.1% գնանկում: Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ գրանցվել է 0.1% գնաճ, իսկ 2020թ. հունիսի համեմատ`0.8% գնանկում: 2020թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի 0.2% գնանկում, իսկ ոչ ալկոհոլային խմիչքի, ձկան և ծովամթերքի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.8% գնանկում, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 0.5% գնաճ: 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 10.6%, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 0.2% գնաճ: Ոչ պարենային ապրանքների գներ: 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում պահպանվել է գների նույն մակարդակը, իսկ 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.3% գնանկում: 2020թ. հուլիսին հունիսի համեմատ հագուստի, տարբեր տեսակի կոշկեղենի գները նվազել են 2.7%-ով, բնակարանի նորոգման նյութերինը՝ 0.9%-ով, գորգերինը և հատակի ծածկերինը՝ 0.8%-ով, ապակե ամանեղենինը, ճաշասպասքինը և տնային կահ-կարասունը՝ 0.6%-ով, կահույքինը` 0.5%-ով, դեղագործական ապրանքներինը, կենցաղային և այգեգործական գործիքներինը՝ 0.1%-ով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է խոշոր և փոքր կենցաղային սարքերի՝ 0.1%, մաքրող, լվացող միջոցների` 0.3%, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.4%, ոսկերչական զարդերի 5.5% գնաճ։ 2020թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 3.9% և 3.6% գնաճ: 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 29.1% և 30.6%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 26.0% և 25.2%-ով։
Ծառայությունների սակագներ: Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.4%, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 0.3% հավելաճ։ 2020թ. հուլիսին հունիսի համեմատ բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների սակագներն աճել են 0.6%-ով, հյուրանոցային ծառայություններինը՝ 4.6%-ով, հանգստի կազմակերպման համալիր ծառայություններինը՝ 6.4%-ով: Մատուցված ծառայությունների մյուս ոլորտներում սակագների էական փոփոխություններ չեն արձանագրվել: Արտարժույթի շուկա: 2020թ. հուլիսին հունիսի համեմատ սպառողական գների 2.1% գնանկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.7% հավելաճով (ԱՄՆ դոլարն արժևորվել է): 2020թ. հուլիսին 2019թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 1.9% նվազում և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.3% հավելաճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 1.8% և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.7% նվազում։ 2020թ. հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 484.6 դրամ, ինչը 1.7%-ով բարձր է 2019թ. հուլիսի համապատասխան ցուցանիշից (476.5 դրամ):