Լիբանանում վայրկյաններ տևած հուժկու պայթյունն աշխարհի ուշադրությունը սևեռել է մայրաքաղաք Բեյրութի վրա: Եղբայրական Լիբանանում այսօր ապրում է աշխարհում մեծությամբ ութերորդ հայկական համայնքը։ Տարբեր տվյալներով` այստեղ մոտ 40.000 հազար հայ է բնակվում, ովքեր ներգրավված են լիբանանյան կյանքի տարբեր ոլորտներում` արհեստ, առևտուրից մինչև երկրի կառավարման համակարգ ու խորհրդարան: Լիբանանում գործում են քաղաքական,կրթամշակութային ու հոգևոր մի շարք հաստատություններ:
Սա մայրաքաղաք Բեյրութն է: Ահա այն նավահանգիստը, որտեղ երեկ որոտաց մահաբեր պայթյունը, որը զանգվածային ավերածություններ ու վնաս է հասցրել քաղաքի բազմաթիվ կառուցների՝ հիմնովին քանդել շենքեր, փշրել բազմաթիվ տների ապակիներ, պոկել առաստաղներ, և ամենացավալին` խլել բազմաթիվ կյանքեր: Նավահանգստին բավական մոտ` մոտավորապես 5 կմ հեռավորության վրա գտնվում են հայաշատ Ժմեյզի, Բուրժ Համուդ,Աշ-ռաֆֆիե թաղամասերը: Հզոր պայթյունից հատկապես տուժել են Բուրչ Համուդ և Ժմեյզզի հայաշատ թաղամասերը:
Պայթյունն այնքան հզոր է եղել, որ անգամ 15 կմ հեռավորությամբ գտնվող Հայաստանի դեսպանատան բոլոր պատուհանները վնասվել են: Անթիլիասում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը ևս անմասն չի մնացել պայթյունի հետևանքներից: վնասվել է Հայկազյան համալսարանի շենքը։ Մահերի թիվն այս պահի դրությամբ 100-ից ավելի է,վիրավորները 4000-ից ավելի, 300.000-ից ավելի մարդիկ անտուն են մնացել:Մեր հայրենակիցներից, ցավոք, այս պահի դրությամբ ունենք 11 մահ,100-ից ավելի վիրավորներ: Լիբանանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել: