Մարտի 1-ի գործով այսօրվա դատավարության ժամանակ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց:
Նա միջնորդեց դադարեցնել սահմանադրական կարգի տապալման գործով տուժող և նրանց իրավահաջորդ անձանց դատավարական կարգավիճակը և նրանց հարցաքննել վկայի կարգավիճակով։ Ալումյանը մեկնաբանեց՝ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածք ստացած դատակոչված 102 անձինք տուժող են ճանաչվել 2008թ․ մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ հարուցված մայր գործի շրջանակներում, իսկ 2018-ին դրանից անջատվել է մի գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 300․1 հոդվածով։
Նրա խոսքով, դատարան ուղարկված գործով միակ տուժողը սահմանադրական կարգն է, իսկ դրա տապալման հետևանքները հավասարապես վերաբերում են ՀՀ բոլոր քաղաքացիներին, ինչ վերաբերվում է Քոչարյանին մեղսագրվող մյուս արարքին՝ կաշառք ստանալուն, փաստաբանի խոսքով, դրա հետ այդ անձինք ընդհանրապես կապ չունեն։
Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված` դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը կլինի օգոստոսի 11-ին, ժամը 13։00-ին։
Հիշեցնենք՝ այսօրվա դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել էր հետաձգել ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության լուծումը, նաև մերժել դատական նիստը հետաձգելու՝ պաշտպանների միջնորդությունը: