Շատ հաճախ շինթույլտվություն ունեցող կազմակերպությունները սկսում են շեղվել իրենց տված շինթույլտվությունից, նույնը տեղի է ունեցել Մաշտոցի պուրակի կառուցապատողի հետ՝ քաղաքապետարանում Մաշտոցի պուրակի ծառահատումների մասին հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մեզ ընդհանրապես չի հետաքրքրում՝ որ շինությունն է, ումն է, որ կուսակցությանն է, ՀՀԿ-ից է, ՔՊ-ից է, ԲՀԿ-ից է, որտեղից է՝ ինձ բացարձակ չի հետաքրքրում: Ինձ համար կա օրենք, կա քաղաքի շահ: Մենակ այդ ուղղությամբ եմ գնում, և հստակ հանձնարարական կա բոլոր այդ ծառայություններին, որ եթե մեկը դուրս է գալիս օրենքի սահմաններից, տեղում պատժել, տուգանել և մեր լիազորությունների սահմանում բոլոր գործողություններն իրականացնել»,- նշեց քաղաքապետը:
Մաշտոցի պուրակում արդեն հինգ արձանագրություն է կազմվել. մեկը՝ փետրվարին, մեկը՝ մարտին, մեկը՝ մայիսին, երկուսն էլ՝ հուլիսին: Շինթույլտվությունից շեղումների մասով էլ ուսումնասիրություն է բացվել՝ պարզելու, թե ինչ չափի են այդ շեղումները, այսօրվանից շինաշխատանքները դադարեցված են, և կապված շեղումների տոկոսից՝ կարող է շինթույլտվության չեղարկում լինել:
«Կառուցապատողների ամենասիրելի ժամանակը շաբաթ առավոտից մինչև կիրակի երեկո է: Ինչո՞ւ, որովետև աշխատանքային օրեր չեն: Իսկ ամենասիրածը՝ շաբաթ-կիրակի գիշերները, որ հերիք չի՝ ազատ օր է, մի հատ էլ՝ գիշեր է, և մեծ մասամբ բոլոր ապօրինությունները տեղի են ունենում այդ ժամանակահատվածում»,- նշեց Մարությանը: