Հանրապետության նախագահն ստորագրել է Արթուր Վաղարշյանի առաջադրման գրությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից:
«2018 թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև 2019 թ. մայիսի 30-ը հանրապետության նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածություն (ևս մեկը թեկնածու հրաժարվել է իր թեկնածության առաջադրումից՝ անմիջապես այն ԱԺ ներկայացնելուց առաջ)։
Ազգային ժողովը մերժել է հանրապետության նախագահի ներկայացրած թեկնածուներից 4-ին:
ՍԴ դատավորի թեկնածությունները ներկայացնելու նպատակով դեռևս 2018 թ. հունիսի 11-ին հանրապետության նախագահի ՆԿ84-Ա կարգադրությամբ ձևավորվել էր խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ և հայտարարվել թեկնածությունների հայտերի ընդունման մասին։
Հայտ ներկայացրած 28 թեկնածուների հետ հարցազրույցի արդյունքում խմբի յուրաքանչյուր անդամ փակ ընթացակարգով ներկայացրել էր իր անհատական կարծիքը։ Ամփոփելով այդ կարծիքները՝ հանրապետության նախագահին էր ներկայացվել հետևյալ 3 թեկնածուներից կազմված ցուցակ՝ Վահե Գրիգորյան, Գոռ Հովհաննիսյան, Արթուր Վաղարշյան: Ցուցակում թեկնածուների ներառման հերթականությունը պայմանավորված էր խմբի անդամների կողմից նրանց տրված համապատասխան դրական կարծիքների քանակով:
Հանրապետության նախագահը ներկայացված ցուցակից նույն հերթականությամբ հաջորդաբար առաջադրել էր Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին:
1. Վահե Գրիգորյանի թեկնածությունը առաջադրվեց 2018 թ. հոկտեմբերի 18-ին, Ազգային ժողովի կողմից մերժվեց 2018 թ. հոկտեմբերի 23-ին:
2. Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը առաջադրվեց 2019 թ. մարտի 21-ին, Ազգային ժողովի կողմից մերժվեց 2019 թ. ապրիլի 16-ին:
3. Արթուր Վաղարշյանի թեկնածությունը առաջադրվեց 2019 թ. մայիսի 15-ին, Ազգային ժողովի կողմից մերժվեց 2019 թ. մայիսի 29-ին:
4. Վահե Գրիգորյանի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրվեց 2019 թ. մայիսի 30-ին: Ազգային ժողովը նրան ընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր 2019 թ. հունիսի 18-ին:
5. Գոռ Հովհաննիսյանը 2020 թ. հուլիսի 27-ին հրաժարվեց կրկին առաջադրելու նպատակով իր թեկնածությունը քննարկելուց:
6. Արթուր Վաղարշյանի թեկնածությունն առաջադրվում է երկրորդ անգամ:
Հանրապետության նախագահը ստորագրել է Արթուր Վաղարշյանի առաջադրման գրությունը:
Այսպիսով, հանրապետության նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրումները կատարել է խորհրդատվական աշխատանքային խմբի առաջարկած թեկնածուներից՝ ցուցակում նրանց հերթականության կարգով:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում հանրապետության նախագահը հստակորեն հայտնեց Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության կարգի վերաբերյալ իր դիրքորոշումը:
Սահմանադրության տրամաբանությանն ու ոգուն համահունչ և դատաիրավական բարեփոխումների նպատակին համապատասխան կլիներ, եթե Սահմանադրությամբ սահմանվեր ոչ թե ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու, այլ՝ նախագահի, Դատավորների ընդհանուր ժողովի և Կառավարության/Ազգային ժողովի կողմից դատավորին ուղղակի նշանակելու լիազորություն:
Այս դեպքում յուրաքանչյուրը պատասխանատվություն կկրի իր ընտրության համար: Սահմանադրական դատարանի կազմը կլինի հավասարակշռված, կապահովվի դատավորների անկախությունը, քանի որ նրանք զերծ կլինեն քաղաքական փոփոխությունների ներգործությունից: Լիարժեք և արդյունավետ կգործի ժողովրդավարական կառավարման համար կարևորագույն՝ զսպումների ու հակակշիռների սահմանադրական սկզբունքը, և կապահովվի անաչառ սահմանադրական արդարադատություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: