Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետ կապված հեռախոսազրույցներ եմ ունեցել ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի և Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունու հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը
«Այսօր ուժգին պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում։ Դեռևս անհայտ պատճառներով այս պայթյունը վնասել է նավահանգստից կիլոմետրերով հեռու գտնվող շենքերն ու բնակարանները. մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:
Նավահանգստին մոտ է հայահոծ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ նույնպես մեծ ավերածություններ են եղել, վնասվել են նաև հայկական հաստատությունները։ Նախնական տվյալների համաձայն՝ ազգութամբ հայ երկու քաղաքացի է մահացել, կան վիրավորներ:
Կատարվածի վերաբերյալ հեռախոսազրույցներ եմ ունեցել ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի և Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունու հետ»,- գրել է Մխիթար Հայրապետյանը: