Հայկ Մարությանի քաղաքապետ ընտրվելուց հետո Երևանում կանաչապատ տարածքներն աննախադեպ ծավալի են հասել՝ նշեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ ափսոսանք հայտնելով, որ չհասցրին մինչև ասուլիսը հստակ թիվը հաշվել:
«Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում նման ծավալի կանաչապատում և նման ծավալի ոռոգման համակարգերի ներդրում Երևանում չեն եղել: Տարվա վերջին թվային պատկերը կունենանք, բայց անզեն աչքով էլ երևում է»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ աշխատում են մի կողմից կանաչ տարածքներն ազատագրելու և ավելի հարմարավետ միջավայր ստանալու ուղղությամբ, մյուս կողմից՝ առնչվում են այն օրենսդրական խնդիրներին, որոնք դանդաղեցնում են դրանք:
Պողոսյանը հայտնեց, որ համագործակցում են խորհրդարանի հետ, և հիմա շրջանառության մեջ է վարձակալական պայմանագիրն անորոշ ժամկետով երկարացնելու դրույթը փոփոխելու մասին նախագիծը, որով քաղաքապետարանն ավելի ազատ կգործի և ստիպված չի լինի պայմանագրերը երկարացնել:
«Մի անգամ համայնքի հետ հողային պայմանագիր ունեցող տնտեսավարողը, կարելի է ասել, կարող է հավերժ այն կիրառել: Էս պահին մոտավորապես այդպես է, բայց մենք դա փոխելու ենք և շատ արագ, այդ թվում՝ Օղակաձև հատվածում, որտեղ ունենք 98 տնտեսավարող, իրենց պայմանագրերի մեծ մասն ավարտից հետո դադարելու է գործել, և տարածքներն անցնելու են համայնքին ու կանաչապատվելու են: Միգուցե տեմպը մարդկանց չի բավարարում, բայց առաջին հերթին մեզ չի բավարարում, բայց վստահեցնում եմ՝ մինչև մեր անձնական պատասխանատվության եզրում գտնվող դաշտում մենք աշխատում ենք համայնքային հողերը հետ բերելու ուղղությամբ: Այնպես որ, մեղադրել քաղաքային իշխանությանը՝ բավարար չի աշխատում կամ կանաչապատ տարածքներ են ոչնչացվում, շատ անարդար է»,- նշեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը: