Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ այս օրերին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալ Արման Խոջոյանի, ակտիվ համագործակցում է Կասյանի նախկին շուկայի կազմակերպչական խմբի հետ։
«Նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Արաբկիր վարչական շչջանի ղեկավար Արամ Դանիելյանի հետ մի շարք քննարկումների արդյունքում ֆերմերներին առաջարկվել է այլընտրանքային տարբերակ «Դալմա» առևտրի կենտրոնի հարակից տարածքում անվճար հիմունքներով։ Խմբի հետ այցելություն է կազմակերպվել նշված տարածք, որին ներկա է եղել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը։
Առաջարկվող տարածքը հավանության է արժանացել շուկայի կազմակերպչական խմբի կողմից։
էկոնոմիկայի նախարարի տեղակալը համապատասխան գրություններով դիմել է Երևանի քաղաքապետարան և ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման և շուկայի գործունեության ընթացքում անվտանգության պահպանման համար։
Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ (միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ) շուկայի աշխատանքներն ապահովելու համար անվճար կտրամադրվեն սեղաններ, վրաններ, կշեռքներ, քարշակ սարքավորումներ շուրջ 10 մլն դրամի արժեքով, ինչը նախորդ տարիներին նախարարության կողմից տրամադրված այլ անվճար պարագաների հետ միասին լրացուցիչ կվերազինի ֆերմերներին և կխթանի շուկայահանումը»,- ասված է գրառման մեջ: