«Իմ՝ քաղաքապետ դարձած օրվանից իմ կողմից ամեն քայլ ուղղված է եղել մեր քաղաքն ազատելու տարբեր տիպի ապօրինի շինություններից և այն ավելի կանաչ դարձնելուն, այդպես եղել է, այդպես է հիմա և շարունակվելու է մինչև վերջ, որովհետև ես ինքս այդպես եմ մտածում, գտնում եմ, որ Երևանը շատ ավելի կանաչ պետք է լինի, քան այսօր է: Արդեն 2018-ի հոկտեմբերի 15-ից շատ մեծ քայլեր են արվել այդ ուղղությամբ»,- քաղաքապետարանում այսօր Մաշտոցի պուրակի խնդրով հրավիրված ասուլիսին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Քաղաքապետը հիշեցրեց՝ Մաշտոցի պուրակի համար տարիներ առաջ պայքարողներից մեկն էր և հիմա էլ է պայքարում ամեն պուրակի համար:
«Հիշում եք, որ այն ժամանակ հանրային տաղավարները, որոնք պետք է կառուցվեին, թույլ չտվեցինք հանրային ճնշմամբ և ունեցանք Մաշտոցի պուրակը, բայց կա մի սրճարան, որը միշտ կար և որն ուներ 277 քմ՝ Կադաստրում որպես սեփականություն գրանցված և 17 քմ գրանցված՝ էլի որպես սեփականություն, տաղավար: Բացի դրանից, 2018-ի մայիսի 16-ին Տարոն Մարգարյանի կողմից ստորագրվում է մի որոշում, որով մինչ այդ 386 քմ վարձակալությունը դառնում է 1048 քմ, և դա ֆիքսում է այդ 277 քմ սեփականությունը, ֆիքսում է 17 քմ իր սեփականությունն արդեն որպես սեփական գույք, որպես տաղավար, և այդ վարձակալությունը՝ մինչև 2040 թվականի դեկտեմբեր»,- նշեց Մարությանը՝ հավելելով, որ քաղաքային իշխանությունը ստանձնելուց հետո կամաց-կամաց նմանատիպ երևույթներն ի հայտ են գալիս:
Օրինակ՝ Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկը, որը, ամենայն հավանականությամբ, պատկանում էր Սամվել Ալեքսանյանին կամ իր հարազատներին, պետք է Կադաստրում գրանցվեր, բայց իրեն հաջողվել է դադարեցնել գործընթացը, ու վերադարձվել է համայնքին:
«Նույնն արել եմ այստեղ: Ես այս որոշումը չեղյալ եմ հայտարարել: Ասեմ ավելին՝ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այդ 277 քմ սեփական գույքը և 17 քմ սեփական գույքը քանդում ենք, վերացնում ենք սեփականությունը և դրա տեղը փոքր տարածքում կառուցապատման իրավունքով վարձակալություն ենք տալիս, ինչը նշանակում է, որ այն գույքը, որը կառուցվում է հիմա, համայնքային գույք է: Վարձակալությունն ավարտվելուց անմիջապես հետո դա դառնում է համայնքի գույքը: Այսինքն՝ իմ որոշմամբ՝ 1048 քմ-ը դարձել է երեք հարյուր քանի քառակուսի, վերացրել եմ սեփականության իրավունքը»,- նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ դրանից լավ լուծում քաղաքի համար անհնար է անել, եթե խոսում ենք օրենքներով:
Մարությանը հայտնեց, որ նախորդ տարվա սկզբին բնապահպաններին խնդրել է գույքագրել մայրաքաղաքի այն ծառերը, որոնք կենսունակ չեն, և հնարավոր է ընկնեն, շուռ գան մեքենաների ու մարդկանց վրա: Արդյունքում՝ 437 ծառ է գույքագրվել, գրանցվել, ու սկսել են հատումները: Մարությանը հավելեց, որ գնահատումներն իրականացնում են մի քանի մասնագետներ և ոչ թե մի հոգի:
«Անում եմ ամեն ինչ, ինչ հնարավոր է եղած օրենքների ու իրավական ակտերի սահմաններում ու անելու եմ: Եթե կփոխվեն օրենքները, եթե փոփոխություններ կլինեն մոտեցումների մեջ, առաջինը ես կնստեմ բուլդոզեր կոչվածը, որովհետև ինձ համար գերակա է էս քաղաքի բնապահպանությունը: Ամենափոշոտ քաղաքներից մեկն է»,- նշեց Մարությանը՝ հայտնելով, որ Օպերայի հարակից այգում կարողացավ քաղաքապետարանն ապամոնտաժել մեկ սրճարան, քանի որ այդ դեպքում օրենքի հետ որևէ խնդիր չէր առաջանում, մյուս դեպքերում խնդիրներ կան, դատական հայցեր են ներկայացված, երկու ատյաններում քաղաքապետարանը պարտություն է կրել: