Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը, որը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրեցին իրենց պաշտպանյալի գույքի նկատմամբ կալանքը վերացնելու միջնորդություն: Պաշտպան Հայկ Ալումյանը մեջբերեց Վճռաբեկ դատարանի որոշումներից մեկը, որով դատարանն անդրադարձել է գույքի վրա արգելանք դնելիս կողմերի պարտականություններին և արձանագրել, որ դա վարույթ իրականացնող մարմնի պարտականությունն է։ Նրա կողմից պետք է ներգրավվի ապրանքագետ-փորձագետ, կամ նշանակվի փորձաքննություն՝ գույքի արժեքը որոշելու համար, եթե առանց դրա հնարավոր չէ որոշել այն։
Նշենք, դատարանը պահանջել էր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Պաշտպանները սակայն հրաժարվեցին ներկայացնել տեղեկանքները՝ պատճառաբանելով, թե այդ պարտականությունը դրված է նախաքննություն իրականացնող մարմնի վրա։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց ինչպես ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը և լուծումը մինչև դատարանի կողմից կալանադրված գույքի արժեքը որոշելը։