«Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց հետաձգել այսօրվա նիստը։
Պաշտպանը բացատրեց, որ խնդրում է նիստը հետաձգել դատարանի կողմից կալանադրված գույքը գնահատող ապրանքագետ ներգրավելու և գույքի գնահատումը կազմակերպելու համար։ Գնահատման արդյունքներով ստացված տեղեկությունը պետք է ներկայացվի հաջորդ դատական նիստին։ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միացավ նոր միջնորդությանը։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը առարկեց՝ նշելով, որ միջնորդության պատճառաբանումն անհիմն է։ Վարդևանյանն արձագանքեց, որ դատարանն այսօր կարող էր պարզապես վերացնել քննիչի ապօրինի որոշումը, բայց չի արել դա՝ հետաձգելով միջնորդության լուծումը մինչև դատավարության ընթացքում էական հանգամանքի ի հայտ գալը։ Իսկ էական հանգամանքը հենց գույքի գնահատումն է, ինչը կազմակերպելու համար ժամանակ է անհրաժեշտ։
Դատավորը չհամաձայնեց պաշտպանի հետ՝ ասելով, որ պաշտպանական կողմը ունեցել է գույքը գնահատելու հնարավորություն, սակայն այլ դիրքորոշում է հայտնել։ Միևնույն ժամանակ դատավոր Դանիբեկյանը նշեց, որ պաշտպանները որևէ կերպ սահմանափակված չեն կազմակերպել գույքը գնահատելու գործընթացը։