Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գերիշխող դիրքի չարաշահման համար ավելի քան 17 մլն դրամով տուգանել է «Սիթի»-ին և նախազգուշացում հայտարարել «Ալեքս ընդ հոլդինգ»-ին: Պարզվել է՝ 2018-ի հուլիսից մինչև այս տարվա ապրիլ՝ ընկերությունը ներմուծած կարագը վաճառել է խտրական պայմաններով՝ ավելի մեծ շահույթով: Խանութում ապրանքը շարել է ոչ այնքան տեսանելի հատվածում: Օրինախախտումը վերացնելու համար՝ հանձնաժողովը Ալեքս ընդ հոլդինգին մեկ ամիս ժամանակ է տվել:
***
Երեկ գիշերը Բերդի ոստիկանության բաժնից ոչ հեռու՝ զբոսայգում, ապօրինի պահվող պայթուցիկ է գործադրվել, վնասվել են ոստիկանության շենքի պատերն ու ապակիները։ Հարուցվել է քրեական գործ: Պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Բերդի 40-ամյա բնակիչ է, նա ձերբակալվել է:
***
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է դրել դատական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթը: Առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան:
***
Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է՝ Գանձակի 2-րդ միջնակարգ դպրոցի տնօրենը 2006 ից 2018 թվականը 14 անձի հրամանագրել է տարբեր հաստիքներում: Աշխատանքի չհաճախողների վերաբերյալ կազմել և վավերացրել է կեղծ փաստաթղթեր: Բյուջեից հափշտակվել է ավելի քան 100 միլիոն դրամ: Հարուցվել է քրեական գործ:
***
Շիրակի մարզում 64 տոկոսով ավելացել են կոռուպցիոն գործերը: Ըստ դատախազության, առաջին կիսամյակում կոռուպցիոն դեպքերից 12-ը եղել են կրթության, 31-ը՝ տեղական ինքնակառավարման ոլորտներում: 87 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, 9-ը կալանավորվել է: Պետության վնասն ավելի քան 130 միլիոն դրամ է: 13 մլն դրամի բռնագանձման կատարողական թերթիկներ են ուղարկվել հակրադիր կատարողներին: