«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց ապրիլի 16-ի նիստում: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը սահմանվել է 50 միլիոն դրամը: Օրենքով ՀՀ դատախազությանը վերապահվել են ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված լիազորություններ, որից մեկն էլ հենց Գլխավոր դատախազությունում հանցավորության դեմ պայքարի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող առանձին ստորաբաժանման ստեղծումն է:
Ստորաբաժանման գործընթացի վերաբերյալ 1lurer.am-ի հետ զրույցում գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Կարեն Ամիրյանն ընդգծեց, որ մոտ մեկ ամիս առաջ տեղի է ունեցել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող դատախազների, այդ ոլորտը համակարգող գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուների ցուցակների համալրման բաց մրցույթ: Դատախազ լինելու համար դիմել է 25 թեկնածու, տեղակալի համար՝ 3-ը:
Բանավոր քննություններն անկացրել է 11 անդամից բաղկացած՝ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը: Դատախազի 25 թեկնածուներից դրական եզրակացություն է ստացել 7-ը: Տեղակալի համար հայտ ներկայացրած երեք անձանցից՝ մեկ անձ: Ամիրյանը տեղեկացրեց, որ տեղակալն օրենքով ազատված է Արդարադատության ակադեմիայում ուսում անցնելուց, իսկ մյուս յոթ թեկնածուներն այժմ սովորում են ակադեմիայում:
«Առաջին քննաշրջանն արդեն իսկ անցած շաբաթ ավարտվեց, հիմա երկրորդ փուլի դասերն են անցկացվում, և օգոստոսի վերջին երկրորդ շրջափուլի քննությունները տեղի կունենան, և երկու քննությունների հանրագումարով նրանք, որոնք որ կհաղթահարեն նվազագույն անցողիկ շեմը, կստանան դրական գնահատականներ: Նրանք հնարավորություն կունենան հավակնել նշանակվելու նոր ձևավորվող ստորաբաժանման կազմում՝ որպես դատախազ և կառուցվածքային ստորաբաժանման այլ պաշտոններում՝ այդ թվում վարչության պետ, պետի տեղակալ և այլն»,-ասաց Կարեն Ամիրյանը:
Անդրադառնալով ստորաբաժանման ձևավորմանը՝ Ամիրյանը նշեց, որ հավանաբար օգոստոսի վերջին գլխավոր դատախազը կկատարի նշանակումներ: «Որպեսզի համարենք, որ ստորաբաժանումը ձևավորված է, և այդ իմաստով օրենքը լիարժեք մտել է ուժի մեջ, հնարավոր է այն արդեն կիրառել, պետք է, որպեսզի առնվազն երեք դատախազ նշանակվի այդ վարչությունում: Այդ 7 թեկնածուները, որոնք որ ուսումնառություն են անցնում արդարադատության ակադեմիայում , նրանցից երեքի նշանակման դեպքում արդեն իսկ կհամարենք, որ վարչությունը ձևավորվել է, և ըստ այդմ կդիտարկենք, որ օրենքը լիարժեք կերպով մտել է ուժի մեջ: Զուտ ժամկետային տրամաբանությամբ՝ եթե 7-ից առնվազն երեքը ստանան դրական եզրակացություն, այդ կանխավարկածով սեպտեմբերի սկզբին նշանակումները կկատարվեն, բայց դա գլխավոր դատախազի որոշման տիրույթում է գտնվում, թե ովքեր կնշանակվեն»,-ասաց ավագ դատախազը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը կնպաստի երկրում կոռուպցիոն հանցավորության դեմ պայքարին: Դիտարկմանն անդրադառնալով՝ Ամիրյանը կարևորեց այս ինստիտուտի ներդրումը: Նա շեշտեց, որ այն կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմերից մեկն է, քանի որ մինչև այժմ էլ Հայստանում գործում են մի շարք ընթացակարգեր, որոնց միջոցով պետությունը պայքար է մղում կոռուպցիայի դեմ:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի հիմքում ընկած չէ միայն այնպիսի հանցանքների կատարումը, որոնք ունեն միայն կոռուպցիոն բնույթ: Շատ կարևոր է այն շեշտադրումը, որ մենք այդ գործիքակազմը դիտարկենք ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, այլ ավելի լայն ասպեկտով՝ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում»,- ընդգծեց Կարեն Ամիրյանը:
Գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը կարևորեց հանգամանքը որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը պայմանականորեն կարող է սկսվել վարչության ստեղծումով՝ սեպտեմբեր ամսից, բայց պետք է հասկանալ, որ հիմնումից երկու- երեք ամսվա ընթացքում արդյունք ակնկալելը սխալ է:
«Առավել ևս խոշոր արդյունք ակնկալելը կարող է ոչ լիարժեք կերպով արդարացաված լինել, քանի որ օրենքով առկա են որոշակի ընթացակարգեր, որոնց միջոցով պետք է դատախազությունը ուսումնասիրություն կատարի և վերջում դիմի դատարան: Բռնագանձման վարույթը և դատական գործընթացը ժամանակատար են: Սա որոշակի գործընթաց է, որը պետք է համբերատար, օրինական ճանապարհով և համախմբված առաջ տանենք»,- եզրափակեց Գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Կարեն Ամիրյանը: