Օգոստոսի 5-ին և 6-ին Տավուշում իրավիճակը դարձյալ պայթյունավտանգ է լինելու. այս անգամ արդեն մշակութային մեծ ու փոքր պայթյունների է մասին է խոսքը: Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ երևանյան լավագույն համերգային նախագծերը, ներկայացումներն ու փառատոններն այդ օրերին կուղղորդվեն դեպի Տավուշ ՝ մշակութային թերապիայով ոգեշնչելու սահմանը պահող արվեստասերներին:
Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար հատուկ համերգային ծրագրով հանդես կգան «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի երաժիշտները: Վերջերս երիտասարդները՝ Արմեն Պուչինյանը, Արթուր Գրիգորյանը դաշնակահարների հեղինակավոր միջազգային մրցույթների գլխավոր մրցանակներն են բերել Հայաստան:
Տաղանդավոր դաշնակահարներից բացի տավուշցի փոքրիկները կդիտեն նաև Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի սիրված ներկայացումները: Այժմ քննարկվում է նաև միջազգային նախագծերն ու փառատոները Տավուշում անցկացնելու հնարավորությունը. օգտագործվելու են մարզային բոլոր հնարավոր մշակութային հարթակները՝ կատարողական որակն ապահովելու համար:
Տավուշում հատուկ մշակութային օրակարգ է ձևավորվում՝ ստեղծագործ ներուժը հանուն խաղաղության և ընդդեմ պատերազմի: