Ավարտվեցին Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ դեպի Քարահունջի աստղադիտարան գիտական արշավախմբի հնգօրյա աշխատանքները: Իրականացվեցին աստղագիտորեն կիրառելի թվայնացված ամբողջական տվյալների հավաքումը, ճարտարապետական և երկրաբաշխական (գեոդեզիական) ամբողջական և լիարժեք չափագրությունները, հուշարձանի ճարտարապետական տեղազննումը և չափագրությունը։ Իրականացվեցին տարածքի երկրաբաշխական տեղագրման աշխատանքներ: Սա երկար սպասված, անհրաժեշտ և չափազանց կարևոր նախաձեռնություն էր, որը հիմք կդառնա ապագա գիտական աշխատությունների համար։ Արդյունքում կստեղծվի ամբողջական տվյալների բազա, որից հնարավորություն կունենա օգտվել ցանկացած մասնագետ։
Արշավախումբը զինված էր ժամանակակից լավագույն սարքավորումներով։ Նախատեսվող աշխատանքների առաջին փուլում իրականացվել են չափագրություն և տվյալների հավաքում։ Հետագա փուլերին կմշակվեն տվյալները ու կհրապարակվեն հետազոտությունից ու ուսումնասիրություններից հետո: Արդյունքում կստեղծվի ամբողջական տվյալների բազա, որից հնարավորություն կունենա օգտվել ցանկացած մասնագետ, չափագրումներից և այլ հավաքված տվյալները հիմք կդառնան ապագա գիտական աշխատությունների համար։
Վարդան Ղարիբյան (ՃՇՀԱՀ գեոդեզիական ամբիոնի դասախոս) - Ուղղում եմ հորիզոնում գտնվող մեր սարերի վրա և չափում եմ հորիզոնական անկյունները և հեռավորությունները այս կետից այն կետը:
Այս գործիքի չափման ճշգրտությունը միլիմետրի է հասնում: Ակադեմիկոս Պարիս Հերունուց հետո առաջին անգամ «հնչող քարերն» ուսումնասիրում են նորագույն տեխնոլոգիաներով և Քարահունջի արգելոցի ամբողջ տարածքը: 50 հա տարածքում աստղագետների, ճարտարապետների արշավախումբը 5 օր մանրակրկիտ չափագրում է 3 բարձրությամբ հայտնի քարաբեկորները: Հայտնաբերված անցքերով քարերին ավելացրել են նորերը, թիվն արդեն անցնում է 100-ից, բայց վստահ են՝ թիվն այսքանով չի սահմանափակվում:
Գառնիկ Ստեփանյան (ՃՇՀԱՀ ճարտարապետ) - Հստակ համարակալված թվերը կարևոր են նրանով, որ հստակ ուղղվածություն ունեն, դրանց մի մասը ունի անցքերի բացվածքներ, որ հստակ ուղղվածություն ունեն, բայց քարերի քանակը ահավոր շատ է, մենք նույնիսկ էս պահին չենք կարող ասել՝ քանիսն են, բայց քարեր կան, որ պառկած են հողի մեջ, և պակաս կարևոր չեն, քան մյուսները:
Հազարամյակների ընթացքում քարերը կարող էին շարժվել, բայց անցքերի ուղղվածությունը պատահական չէ, սա փաստ է, որ մեր նախապապերը տիեզերքն ուսումնասիրելով են աշխարհին առաջարկել առաջին օրացույցները, ապացուցել, որ հին հայերը գիտեին Երկրի առանցքի թեքության մասին, չափում էին Երկրից Արեգակ հեռավորությունը: Այս անցքերը նաև մեծ վարպետությամբ են բացված, ոչ հորիզոնական են, անցքից ուղղված են երկնային լուսատուների կողմը: Սա դեռ այն ժամանակ, երբ մոլորակներն ու տեխնոլոգիաներով զարգացած քաղաքակրթությունները հեռու էին իրարից:
Գրիգոր Բրուտյան (Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնի վարիչ, աստղագետ, տոմարագետ) - Մի մեծ բազմություն ենք տեսնում աստղագիտական նշանակալի ուղղություններ, ուրեմն պիտի մտածենք, որ դրանք միտումնավոր են արվել, որ արվել են ոչ տնտեսական նպատակներով, դե դա էլ պիտի լինի գիտական, ծիսական նպատակներով: ...Այս հուշարձանի քարերի դասավորությունը համապատասխանում է Անգղ համաստեղության չափազանց հին՝ 30 հազար տարվանից ավելի դասավորության: Այսինքն՝ սա հիմք է տալիս կարծելու, որ հուշարձանը իսկապես այդ ժամանակի կառույց պետք է լիներ:
Հուշարձանի կենտրոնական մասում կմախքների հետ հայտնաբերված մյուս մնացորդներն էլ վկայում են՝ այստեղ եղել են և՛ բնակավայր, և՛ ծիսապաշտամունքային հատված, որը կապ է ունեցել մեր նախապապերի աստղագիտական ուսումնասիրությունների հետ:
Գրիգոր Բրուտյան (Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնի վարիչ, աստղագետ, տոմարագետ) - Այս շրջանակի դասավորված քարերը ունեն ոչ թե շրջանի, այլ ձվի ձևով են, նման քարեր հանդիպում են հատկապես Հյուսիսային Եվրոպայում, Բրիտանիայում, սուր ծայրը դեպի հյուսիս է ուղղված: Երբ որ էսօր ասում են՝ աստղադիտարաններ, մարդիկ պատկերացնում են՝ ժամանակակից աստղադիտարանների նման գործիքներ և այլն... Բնականաբար, այն ժամանակ աստղագիտության առաջ այս խնդիրները, բայց որ այս տարածքը կապ ուներ աստղագիտական ուսումնասիրությունների հետ, կասկածից դուրս է: Հավանականությունն այն բանի, որ պատահական դասավորված քարերը կրկնեն ինչ-որ համաստեղության պատկեր, 0 է:
Գիտական թիմն ասում է՝ գործի առյուծի բաժինն արել են, տվյալները Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնում կուսումնասիրեն, կորոշեն անցքերի ձվաձևության աստիճանը, ճշգրիտ առանցքները, եզրակացություններն էլ՝ ճշգրիտ հաշվարկներից հետո:
ՍԻՆՔՐՈՆ Արեգ Միքայելյան (ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն) - Օրացույցի և տարբեր երկնային լուսատուների հետ կապված հաշվարկում են, թե որ թվականին կարող է կառուցված լինել, այդպես թվականը դուրս են բերում: 32000-ը ամենահինն է, որ այժմ նշվում է: Հավանական է եզրակացության գան, թե որ թվականին է հիմնադրվել Զորաց քարերը, կա վարկած, որ Զորաց քարերն ավելի վաղ են կառուցվել, քան Հերունին էր պնդում, բայց սա դեռ վարկած է:
Մեկ այլ վարկած առաջ քաշեցին Բյուրականից, թե աստղադիտական համալիրը կապված է ոչ միայն Անգղ համաստեղության հետ, այլև Քարահունջի կառուցման տարիքը մաթեմատիկական եղանակով հաշվարկված է շուրջ 30000 տարի առաջ, նույնիսկ Պորտասարի հնավայրից էլ է հին: Այս համարձակ դիտարկումն արդյոք կհաստատվի՞ գիտականորեն, դեռ կքննարկեն, բայց մի բան հստակ է.
Հայաստանը այս տեսանկյունից կարևոր երկիր է դառնում, էս տեսակետից Հայաստանում կան, բացի Քարահունջից, ժայռապատկերներ, մեծ թվով աստղագիտական պատկերներ էին նկարում, Եվրոպայում, եթե գտնում ենք միայն որսի տեսարաններ, հայերը տարօրինակ ժողովուրդ են նկարել են գիսաստղեր, ... գիտնականներ կան, որ պնդում են, որ մինչև Հայկը մենք էլի օրացույցներ ենք ունեցել՝ նախահայկյան օրացույցներ, ուրեմն օրացույցները, ժայռապատկերները, աստղադիտարանները պնդում են, որ հայերը դեռ վաղնջական ժամանկներից ունեցել են բարձր զարգացած աստղագիտական գիտելիքներ:
Աստղագիտությունից բացի նաև լեզվական ստուգաբանությունից. անգլիական ամենահայտնի Սթոունհենջից մինչև աշխարհի հայտնի հնավայրեր. բոլորի անվանումներում հայկական քար արմատն է: Ֆրանսիայում՝ Քարնակ, Շոտլանդիայում՝ Քալենիշը, Եգիպտոսում՝ Քարնակը...նրանցից ամենահինը հայկական Քարահունջն է, մասնագետները պնդում են, թեև առաջին անգամ է նորագույն տեխնոլոգիաներով մանրակրկիտ ուսումնասիրվում, բայց հայկական Քարերի հունչը կամ քարերի փունջը դեռ աշխարհին պատմելու շատ գաղտնիքներ ունի: