Ադրբեջանը մինչև հուլիսյան սրացումն արդեն սաստկացրել էր ռազմական հռետորաբանությունը: Հարևան երկրի առաջնորդ Իլհամ Ալիևն Ադրբեջանի բնակիչներին փորձում էր նախապատրաստել Հայաստանի և Արցախի ուղղությամբ հերթական զինված հարձակմանը: Վերոնշյալ իրողությունները պարզ են մեզ համար: Սակայն օտարերկրյա լսարանին, մանավանդ՝ դաշնակից երկրներին այդ ամենի մասին պետք է իրազեկել, բացատրել օր առաջ:
Ռուսական հեղինակավոր РБК հեռուստաալիքի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցի բացման ժամանակ հաղորդավարը շեշտում է, որ առաջինն իրենց նկարահանող խումբը եկել է Երևան, քանի որ երկրի ղեկավարների հետ հարցազրույց վարելու իրենց հարցմանն ու նամակներին առաջինը հենց Հայաստանն է արձագանքել, իսկ Արդբեջանից դեռևս պատասխան չկա:
Ադրբեջանի ղեկավարությունը սեփական ժողովրդի բարեկեցությունն ապահովելու փոխարեն անցած տարիների ընթացքում սպառազինությունների գնման համար ծախսել է միլիարդավոր դոլարներ: Այդ ծախսը որևէ կերպ արդարացնելու լավագույն միջոցը գնված սպառազինությունները ռազմական գործողություններում փորձարկելն էր: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և РБК-ի լրագրողի զրույցը հայ-ադրբեջանական թեմայով սկսվեց այդ շեշտադրությամբ: Կառավարության ղեկավարը պատասխանեց նաև ենթադրվող հարցին, թե ինչու է Ադրբեջանն այս անգամ հարձակվել ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Հարձակումից մեկ շաբաթ առաջ Ադրբեջանում տարածվեց պաշտոնական բացատրություն, թե ինչու իրենք չեն կարող հարձակվել Արցախի ուղղությամբ: Նրանք ասացին՝ մենք այժմ չենք կարող հարձակվել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, քանի որ այնտեղ զինված ուժերը սահմանի ամբողջ երկայնքով տեղադրել են տեսահսկման սարքեր, որոնք վերահսկում են ադրբեջանական զինուժի ամբողջ տեղաշարժը: Նրանց հարձակված ուղղությամբ կա ընդամենը մեկ ադրբեջանական գյուղ, սակայն բազմաթիվ հայկական խիտ բնակեցված գյուղեր:
Մի քանի օրվա ընթացքում հայկական զինված ուժերը ջախջախեցին տարիներ շարունակ Ալիևի հորինած առասպելը, թե իբր իր բանակը կարող է 24 ժամվա ընթացքում գրավել Լեռնային Ղարաբաղը և հասնել մինչև Սևան: Եվ դա տեսավ ոչ միայն Ադրբեջանը: Դրան ականատես եղավ ամբողջ աշխարհը: Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանն արեց մի կարևոր շեշտադրում՝ Ադրբեջանն այդքան հանդուգն չէր լինի, եթե չլինեին Կովկասում ջուր պղտորելու՝ որոշ պետությունների ցանկությունն ու Բաքվին հայտնած լիակատար աջակցությունը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Առաջին հերթին դա Թուրքիան է: Այդ երկիրն ամենաշահագրգռվածն է պատերազմը սանձազերծելով: Դրա համար այդ երկիրն ունի և՛ ընթացիկ շահեր, և՛ պատմական պատճառներ: Չէ՞ որ Թուրքիան մինչև հիմա չի հրաժարվել հայերի ցեղասպանության իրագործման գաղափարից:
Հայաստանի Կառավարության ղեկավարի ուղերձը հստակ է: Կովկասի հանդեպ Թուրքիայի հեռահար ծրագրերը չեն փոխվել, և եթե դրանք իրականանան, առաջին տուժողը լինելու է հենց Ռուսաստանը: Իսկ Ռուսաստանին անհրաժեշտ է կայունություն: Ուստի խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ առաջին ջանք գործադրողներից մեկը հենց Մոսկվան էր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և ղարաբաղյան հակամարտության միջնորդ կողմերից մեկը հանդիսացող Ռուսաստանի կայունացնող դերը վերջին սրման ընթացքում ընդգծելով՝ Փաշինյանը հղեց հաջորդ ուղերձը: Լինելով Մոսկվայի ռազմավարական դաշնակիցը՝ Երևանը թույլ չէր տա համավարակի և տնտեսական այս ծանր ժամանակաշրջանում դիմել տարածաշրջանի ապակայունացմանը բերող որևէ սադրանքի: Իսկ ադրբեջանցիների պատճառով սկսված Ծիրանազավր շարժումն ուղղված էր բացառապես Ռուսաստանում ներքին անկայունություն սերմանելուն: Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում հստակ է՝ Ռուսաստանի ներքին կայունությունը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Հայաստանը չէր ցանկանա նաև, որպեսզի Ռուսաստանը զորքով որպես կողմ ներգրավվի հայ-ադրբեջանական հակամարտության մեջ: Երևանը ՀԱՊԿ-ից էլ աջակցություն չի հայցեր. դրա կարիքը պարզապես չի եղել:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այս տարածաշրջանից կարող է սկսվել համաշխարհային կոնֆլիկտ: Կան ուժեր, որոնք ամենաշատն են հետաքրքրված համաշխարհային սրացմամբ: Տեսեք, թե ինչ քաղաքականություն է վարում Թուրքիան Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Հունաստանի հանդեպ: Ակնհայտ է դառնում, որ հենց Թուրքիան է դառնում համաշխարհային սպառնալիք: Ռազմական տեսանկյունից վերջին սրացումը տեղային էր: Սակայն աշխարհաքաղաքական առումով այն գլոբալ սրացում էր: Դա հասկացան բոլորը:
Եվս մեկ կարևոր շեշտադրում, որը կատարեց Նիկոլ Փաշինյանը: Այն առնչվում էր հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին և Ղրիմի անկախությունը ճանաչել-չճանաչելուն: Հայաստանը դեռևս չի ճանաչել նույնիսկ Արցախի անկախությունը, բայց դա չի նշանակում, որ մենք մեր հայրենակիցների անվտանգության երաշխավոր չենք կարող լինել: Ռուսաստանի որոշ գործիչներ և լրատվամիջոցներ ակտիվորեն սկսել են շրջանառել այն թեզը, թե հեղափոխությունից հետո Հայաստանն այլևս Ռուսաստանի դաշնակիցը չէ, և մեր երկրի իշխանությունը խրախուսում է հակառուսական տրամադրություններով ՀԿ-ներին: Այն, որ այդ կազմակերպությունները Հայաստանում գործում են արդեն մեկ տասնամյակից ավելի, կարելի է ապացուցել մի քանի րոպեում: Եվ դրանց դեմ Հայաստանի նախկին իշխանությունները որևէ գործողություն չէին իրականացնում:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը ոչ թե Փաշինյանը, Պողոսյանը, Պետրոսյանը, Սարգսյանը կամ Քոչարյանն են, այլ՝ Հայաստանի ժողովուրդը: Դա շատ կարևոր նրբերանգ է: Շատ գործիչներ երկար տարիներ շարունակ իրենց ներկայացրել են որպես, օրինակ՝ Ռուսաստանի միանձնյա դաշնակից:
Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ընթացքում խոսեց ևս մեկ իրողության մասին, որին դեռ պետք է պատասխանեն Ադրբեջանը, համանախագահները և միջազգային հանրությունը: Եթե Բաքուն դեմ է «Արցախը Հայաստան է» արտահայտությանը, ինչո՞ւ է համաձայնում, որ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ ներկայացնի Հայաստանի վարչապետը: Կառավարության ղեկավարը նշեց, որ այդպիսով Ադրբեջանը և բանակցային գործընթացում ներգրավված մյուս կողմերը փաստացի ընդունում են, որ Արցախը Հայաստան է: Եթե չեն ընդունում, ուրեմն պետք է Ստեփանակերտի ներկայացուցիչը ևս մասնակցի բանակցություններին: