Արտակարգ դրության պայմաններում սկսված՝ պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը սննդի շղթայի կազմակերպություններում օր օրի դառնում է առավել մանրակրկիտ. տնտեսավարողները հիմանականում պահպանում են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:
Թերացումներ, սակայն, դեռ հայտնաբերվում են:
ՍԱՏՄ մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել հանրապետության ողջ տարածքում. խախտումներ արձանագրվել են թե Երևանում, թե մարզերում: Դրանց բնույթն առավելապես պայմանավորված է անփութությամբ ու անուշադրությամբ. աշխատակիցները չեն կրում կամ ոչ պատշաճ են կրում դիմակները, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվում, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները լրացվում են թերի, չի ապահովում սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը, երբեմն նաև բացակայում են դիմակների համար նախատեսված փակ աղբամանները:
ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ անվտանգության կանոններից ամենաչնչին շեղումն իսկ մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկերը, ուստի վերահսկող մարմինն ամենայն աչալջությամբ շարունակելու է ստուգայցերն ու կրկնայցերը, իսկ թերացող տնտեսվարողների համար անխուսափելի կլինի վարչական պատասխանատվությունը: