Լոռու ,արզպետ Անդրեյ Ղուկասյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել՝ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ինչպես նաև անդրադարձել են ընթացիկ աշխատանքների կազմակերպմանը:
Փոխմարզպետը ներկայացրել է իր համակարգման ոլորտում գտնվող մի շարք ստորաբաժանումների աշխատանքները: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել մարզի համայնքների բյուջեների կատարողականին. հավաքագրման ցուցանիշը օգոստոսի 1-ի դրությամբ հատել է 60 %-ի սահմանը: Մարզպետի պահանջն է՝ հավաքագրման ցուցանիշների շարունակական ավելացման ուղղությամբ տարվող աշխատանքը կրկնապատկել՝ մինչև տարեվերջ այն 100%-ի հասցնելու համար:
Լոռու մարզպետարան-հասարակական բարեգործական կազմակերպություններ համագործակցությունը շարունակվում է: Այդ համագործակցության շրջանակներում նախորդ շաբաթ «Աստղիկ» հիմնադրամի կողմից Տաշիրի տարածաշրջանի սոցիալապես անապահով թվով 103 բնակչի հատկացվել է 20.000 դրամ արժողությամբ կտրոններ՝ անհրաժեշտ գնումներ կատարելու համար:
Աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանն անդրադաձել է նախորդ շաբաթ կայացած թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթների արդյունքներին: Ակնհայտ է, որ մրցույթներին դիմողների թիվը կտրուկ ավելացել է. շատ հաճախ մեկ տեղի համար մրցակցողների թիվը հատում է 2 տասնյակի սահմանագիծը:
Հաջորդ կարևոր և բազմիցս քննարկված հարցը վերաբերում էր մարզի 2019 և 2020 թվականների սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Տրվել է հանձնարարական՝ ուսումնասիրել և ներկայացնել նախորդ տարի չավարտված ու այս տարի մինչ օգոստոսի 1-ը վերջնաժամկետով իրականացված 2019թ.-ի սուբվենցիոն ծրագրերի արդյունքները: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մի շարք այլ ոլորտների: Տրվել են հանձնարարականներ: