Գյումրու Սպենդարիով փողոցի բնակիչներն այս ամառ արդեն հինգերերդ անգամ են տուժում ուժեղ անձրևից։ Մինչև ուշ գիշեր ԱԻՆ-ն է աշխատել, բայց ջուրը դեռ բակերում է։ Հուլիսի 13-ի ջրհեղեղից հետո, հավանաբար, սելավատարերը լցվել են,- կարծում է տանտերը, հարևաններով կազմակերպել, մաքրել են, սակայն անօգուտ։
Վնասները հաշվել էին, դիմումները հանձնել քաղաքապետարան, հիմա էլ նոր վնասներ կրեցին։ Հարևան Մահտեսյաններն էլ են տուժել, անցած գիշերվանից ռետինե կոշիկներով է, այլ կերպ բակ ու նկուղ մտնել հնարավոր չէ,- պատմում է տանտերն ու հիշում՝ առաջին հեղեղի ժամանակ ջուրն անգամ մեքենայի մեջ էր լցվել։
Հարևանի հետ պարիսպն է փլվել, հիմա դրկից Կուրղինյանների հետ մի մեծ բակում կապրեն, մինչև հողը չորանա ու տեսնեն՝ ինչ են պատասխանում քաղաքապետարանից։ Գյումրու քաղաքապետարանում բողոք-դիմումների տարափ է ամեն անգամ ուժեղ անձրևից հետո։ 10 մլն դրամի փոխհատուցում են հատկացրել հեղեղից տուժած ընտանիքներին, տնակում ապրող վեց ընտանիքի էլ` բնակարան։
Դիմումներ են ներկայացրել կառավարություն, բայց պետք է լուծել մեծ խնդիրը, քաղաքին հզոր ջրահեռացման համակարգ է պետք։ Հիմնանորոգված փողոցներում այդ հարցը լուծել են՝ կառուցելով ու վերակառուցելով ջրահեռացման համակարգեր: Վատ վիճակում են Գյումրու կայարանամերձ հրապարակն ու Շիրակացի փողոցը, այս տարի խոցելի այդ հատվածներում շատ գործ կա անելու։
Երեկվա անձրևն ու կարկուտը վնասել են նաև Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունները։ Ախուրյանի մեծ ու փոքր համայնքներում տուժել են ցանքատարածություններ ու մշակաբույսեր։ Ախուրյանցիները հաշվում են վնասի չափերը. կներկյացնեն գյուղապետարան, հետո մարզպետարան՝ փոխհատուցման պահանջով։