Ստամբուլի մարգարիտներից համարվող Այա Սոֆիա տաճարը դարերի ընթացքում բազմիցս վերափոխվել է մզկիթի, ապա՝ թանգարանի, և վերջերս՝ կրկին մզկիթի։ Այա Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը միջազգային հարթակում մի շարք քննադատությունների և բողոքների տեղիք տվեց, որը, սակայն, չազդեց թուրքական կառավարության որոշման վրա։ Սուրբ Սոֆիայի տաճարում պահպանված հայկական հետքերի՝ խճանկարների, Հայոց դռան մասին գիտեն շատ քչերը։
Սևան Դեիրմենջյան («Ակօս» շաբաթաթերթի սյունակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու) - Այա Սոֆիայի տաճարը Հին աշխարհի Մայր տաճարն էր համաշխարհային առումով։ Ինչպես որ այսօր Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարին մեջ Գրիգոր Լուսավորիչի արձանը կա, այնպես էլ անցյալին Գրիգոր Լուսավորչի խճանկարը գոյություն ունեցած է Այա Սոֆիայի տաճարի մեջ։ Թե ո՞ր թվականին այդ խճանկարը պատրաստված է, գոնե ինծի համար հայտնի չէ, և տարբեր վարկածներ գոյություն ունեն։ Սակայն Գրիգոր Հայաստանի ըլլալով արձանագրված է։ Առաջին անգամ ի հայտ եկած է այդ խճանկարը Այա Սոֆիայի մեջ 19-րդ դարում Ֆոսատտի եղբայրներու կողմե կատարված նորոգության ժամանակ։ Քանի որ, ըստ դարձյալ տարբեր վարկածներու, Ֆոսատտին փակած է Գրիգոր Լուսավորչի, նաև եկեղեցու մյուս 14 հայերու, որոնց շարքերում կան Սուրբ Բարսեղ Կեսարացին, Հովհան Ոսկեբերանը, և այլն և այլն։ Եվ անոնցմե այսօր միայն երկուքն ունինք։ Մյուսները, կկարծեմ, որ սխալ ձևով ծեփված են և 19-րդ դարավերջի երկրաշարժի մը հետևանքով փուլ եկած են և այսօր գոյություն չունին։
Բացի դարերի պատմություն ունեցող հայկական խճանկարներից, Այա Սոֆիայում նաև Հայոց դուռ կա, որի մասին հիշատակում են մի շարք պատմիչներ, սակայն մեր օրերում հայտնի չէ, թե որն է հենց Հայոց դուռը։
Սևան Դեիրմենջյան - Ուրեմն Հայոց դուռը դարձյալ ավանդություն է, որը մեզ կփոխանցե Ստեփանոս Տարոնեցին՝ Ասողիկը։ Ուրեմն, ըստ իր գրածի, Վարդան Մամիկոնյան փոքրը կամ Կարմիր Վարդան անունով որ այսօր մեզ ծանոթ է, պատերազմի մը ավարտին, որի արդյունքին Հայաստանը, Վրաստանը և Ալաններու երկիրը կկապվին Բյուզանդիոնին, ներքին խռովություններեն փախուստ տալով՝ կուգա Բյուզանդիոն և Հյուստինիանոս կայսրը իրեն ի պատիվ Այա Սոֆիայի դուռերեն մեկը կկոչէ Հայոց դուռ։ Թե ո՞րն է այդ Հայոց դուռը՝ հստակ չէ։ Միայն, ինչպես ըսի, Ստեփանոս Տարոնցին ավանդած է այս ավանդությունը։ Ինչպես նաև դարեր շարունակ այլ պատմիչներ, մասնագետներ, պատմաբաններ նշած են, որ եղած է Հայոց դուռ անունով դուռ մը Այա Սոֆիայի մեջ։ Բոլորն ալ, սակայն, կնշեն, որ հայտնի չէ, թե որ մեկն է։
Պոլսո Հայոց պատրիարքարանը օժանդակություն հայտնեց Այա Սոֆիայի թանգարանը մզկիթի վերածելու որոշմանը։ Այդ հայտարարությունն արժանացավ ինչպես հայ համայնքի, այնպես էլ Թուրքիայի հասարակության որոշ շրջանակների քննադատությանը։
Սևան Դեիրմենջյան - Երբ հստակ եղավ այլևս, որ Այա Սոֆիան պետք է մզկիթի վերածվի, թե' մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, թե' Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը քննադատական հայտարարություններով հանդես եկան։ Եվ այս միջավայրի մեջ միայն Պոլսո Հայոց պատրիարքարանը այսպես քիչ մը անհարմար իրավիճակի մատնվեցավ։ Եկեղեցու միասնականության տեսակետեն շատ լավ պատկեր մը չէր սա։ Մենք բազմաթիվ տաճարներ ունինք պատմական Հայաստանին մեջ, որ այսօր մզկիթի վերածված են, կվերածվին։ Թե Հայոց պատրիարքարանը, թե հայկական այլ կառույցներ կամ ուրիշներ ավելի լավ է, որ նախևառաջ իրենց հոգը դարձնեն այդ տաճարները։ Այա Սոֆիան առաջինը չէ և վերջինն ալ պիտի չըլլա:
Ըստ Սևան Դեիրմենջյանի՝ Թուրքիայի իշխանությունների՝ Այա Սոֆիան մզկիթի վերածելու քաղաքականությունը շատ հեռանկարային չէ և ծառայելու է կարճ ժամանակահատվածով ժողովրդականություն ձեռք բերելուն։