Հայաստանի հյուսիսում՝ արևելյան ուղղությամբ՝ Տավուշի սահմանին, այս շաբաթ էլ իրավիճակը հանգիստ չէր, բայց վերահսկելի էր հայկական զինուժի կողմից:
Հարաբերական անդորրը հակառակորդը խախտում է պարբերաբար կրակոցներով, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի հաշտվում տավուշյան մարտերում ունեցած տասնյակ կորուստների, միլիոնավոր դոլարների հասնող կորցրած անօդաչուների, ռազմական զինտեխնիկայի հետ:
Այսքանից հետո էլ սահմանին պարտված զինվորականին թիկունքից ոգևորում է բանակի գլխավոր հրամանատարը ու Հայաստանի իշխանություններին կոչ անում դուրս բերել զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի տարածքից, քանի շատ ուշ չէ: Շանտաժի լեզվով հոխորտացող Ալիևին՝ Արցախից հանգիստ, առանց ավելորդ էմոցիաների... արձագանքում է Հայաստանի պաշտպանության նախարարը:
Դավիթ Տոնոյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Ես՝ որպես պաշտպանության նախարար, կուզենայի հասկանալ՝ «քանի ուշ»-ը դա ե՞րբ է, մեր կարողությունները թույլ չեն տալիս դա հասկանալ երբ է:
Դավիթ Տոնոյանի համար հասկանալի չէ՝ ո՞րն է այս անգամ բանակցային սեղանից հեռու՝ սահմանին պարտված Ալիևի հերթական շանտաժի պատճառը, այն դեպքում, երբ մեր իշխանությունը բանակցությունները շարունակելու կոչ է անում:
Դավիթ Տոնոյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Ալիևի սպառնալիքի ոճին հետևել են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշ պաշտոնյաներ, հայտարարել, թե պատրաստ են գործողություններ սկսելու, սպասում են հրամանի:
Դավիթ Տոնոյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Այնպես չէ, որ մենք պատրաստ չենք, մենք էլ ենք սպասում հրամանի, դեպքերը ցույց տվեցին, որ չնայած իրենց կիրառած գերժամանակակից զենքերին՝ ունեցան բազմաթիվ կորուստներ:
Բազմաթիվ կորուստներից հետո հիմա Ադրբեջանը մեծ եղբոր՝ Թուրքիայի հետ համատեղ զորավարժություն է սկսել:
Հայկական կողմը զգոն է, հետևում է զորավարժանքի ընթացքին: ՀՀ զինված ուժերը, հայ-ռուսական միացյալ խմբավորման ստորաբաժանումները բոլոր հետախուզական միջոցներով շարունակում են հետևել, վերլուծել, պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացմանը՝ սա Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի հայտարարությունն է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը:
Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ: Դեսպանը վերահաստատել է Ֆրանսիայի միջնորդական դերակատարությունը հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորման գործում
Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ Դավիթ Տոնոյանը քննարկել է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին տեղի ունեցած գործողությունները, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների բնույթը, գնահատել դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն էլ ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, անդրադարձել հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից արձանագրված լարվածության աճին և սահմանագոտում ներկայիս իրավիճակին։
Երկուշաբթի առավոտյան պաշտպանության նախարարի խոսնակը հայտնեց՝ ժամը 01.10-ի սահմաններում հակառակորդի դիպուկահարի կրակոցից մարտական դիրքում պայմանագրային զինծառայող է զոհվել: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը:
Աննա Նաղդալյան (ՀՀ ԱԳՆ խոսնակ) - Հատկանշանական է, որ Ադրբեջանը այս սադրանքին դիմում է հաշված օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունից, որում համանախագահներն առանձնահատուկ կարևորել էին ստեղծված իրավիճակում հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանումը և սադրիչ գործողություններից զերծ մնալը:
Դավիթ Տոնոյանը այցելեց հարավ հարավարևմտյան սահմանագոտի, որտեղ ՀՀ ԶՈՒ-ը տեղադրել են նոր մարտական հենակետ:
Զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը այս շաբաթ բերվեցին մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները:
Ալիևի անհիմն ու անհեռանկար հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի տարածքից հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն, հակադարձել է Արցախի նախագահը: Պաշտպանության բանակը պատրաստ է ոչ միայն պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը, այլև վերադարձնելու Արցախի գրավյալ տարածքները: