Արևին նայելով երգում են՝ երազանքն ուղարկում երկինք: Քույրերի ուզածը միայն խաղաղ կյանքն է՝ առանց արցունքի: Օգոստոսի 3-ը եզդիների համար օրացույցում սև է: Սրբատեղին հավաքատեղի է Հայաստանի և աշխարհի բոլոր եզդիների համար: Այստեղ մեկ տասնյակից ավելի հուշարձաններ կան, որոնք կանգնեցնում են կոտորածներից հետո: Հուշամատյանում գրանցված է 74 ցեղասպանություն՝ եզդիների նկատմամբ:
Գերեվարված կանայք, երեխաներ, զոհերի անհայտ թիվ: Եզդիների ցեղասպանությունից անցել է 6 տարի: Հյուսիսային Իրաքում՝ Սինջարի եզդիների կոտորածն սկսվեց 2014-ի օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը: Կես միլիոնից ավելի եզդի փախստականներ հայտնվեցին ամբողջ աշխարհում: Շատերն ապրում են վրանային ճամբարներում: Եզդիներն ուզում են վերադառնալ Սինջար, բայց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պայթեցրել է ենթակառուցվածքները, քանդել տները: Իրաքի հյուսիսում այսօր էլ մարդիկ են զոհվում:
Ռուստամ Բաքոյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Եթե մենք կորցնենք Սինջարը, մենք կկորցնենք եզդի տեսակը: Սինջարը մեր մշակույթի, առհասարակ, մեր տեսակի գոյության նախապայմանն է, ամբողջությամբ կարող ես եզդի տեսակին ծանոթանալ Սինջարում:
Լացող և ժպտացող աղջիկը, մտրակի հարվածից աղջկան պաշտպանող հայրը,,, և այսպես ավելի քան 50 լուսանկար Սինջարից հասել է Հայաստան: Լուսանկարների մեծ մասի հեղինակն օտարազգի են:
Եզդիների համար Հայաստանն անվտանգ է: Խնդիր ունեն այնքան, որքան հայերը: Եզդիների ամենամեծ համայնքը Արմավիրում է: Մարզպետին ուրախացնում է փաստը, որ նրանք մեծ ներգրավվածություն ունեն գրեթե բոլոր ծրագրերում:
Համբարձում Մաթևոսյան, ՀՀ Արմավիր մարզպետ - Խաղաղությամբ ապրում, աշխատում ենք մեր եզդի համաքաղաքացիների հետ, եզդիները մեր մարզում զբաղեցնում են տարբեր պաշտոններ թե համայնքային, թե մարզային, կրթական, առողջապահական համակարգում են ընդգրկված:
Հայաստանի խորհրդարանը ճանաչել է 2014 թ. Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի եզդի համայնքի հետ ոգեկոչում են 6 տարի առաջ Սինջարում զոհված եղբայրների և քույրերի հիշատակը:
Վաղուց ժամանակն է կանխել հերթական ցեղասպանությունը: ՄԱԿ-ին և գերտերություններին ուղղված այս կոչով եզդիների ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի մոտ էին հավաքվել Հայաստանի քրդական և եզդիական համայնքի ներկայացուցիչներ: Նրանք ծաղկեպսակներ են դրել հուշակոթողի մոտ՝ դատապարտելով 2014-ի դեպքերը:
Եզդիների ցեղասպանությունը ճանաչել են նաև Միացյալ նահանգները, Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը, Ֆրանսիան, Կանադան, ՄԱԿ-ը, Եվրախորհուրդը: