Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի և Արարատի մարզի Ղուկասավան գյուղի էլեկտրաէներգիայի պարբերաբար անջատումների վերաբերյալ քաղաքացիների ահազանգերին ի պատասխան «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից հայտնում են, որ պատճառը կայծակներն ու քամիներն են։
«Արմենպրեսի» հետ զրույցում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը հայտնել է, որ Սևանում կայծակի հետևանքով վնասվել է տրանսֆորմատորը։
«Այս պահին աշխատանքներ են տարվում, և մոտ 1 ժամվա ընթացքում կվերականգնվի, իսկ Ղուկասավանում հաճախակի անջատումների պատճառը հոսանքի լարերի մեջ մտած ծառերի ճյուղերն են։ Այս պահին այնտեղ հոսանքն անջատել են, որպեսզի այդ ճյուղերը հանվեն և ապահովեն անխափան էլեկտրաէներգիա։ Գյուղի բնակիչներն էլ այս պահին հավաքված են և հետևում են տարվող աշխատանքներին»,- ասել է Սարջանյանը։