Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին և քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ընկերության նախկին տնօրեն Գևորգ Հակոբյանին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը. 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՔԾ-ից:
Հիշեցնենք՝ նախաքննական մարմինը ուրբաթ օրը դիմել էր դատարան՝ միջնորդելով կալանավորել Նիկոյանին ու Հակոբյանին: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիքը) մասերով։
Քաղաքապետարանի նախկին պաշտոնյաները մեղադրվում են Հարսնաքարին հարակից պետական և համայնքային սեփականություն հողամասերի հրապարակային սակարկություններ կազմակերպելիս ենթադրյալ չարաշահումների գործով կեղծ փաստաթղթեր կազմելու համար։
Նույն գործով մեղադրյալ է նաև Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա էլ մեղադրվում է ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու համար: Այսպիսով, այս գործով մեղադրյալների թիվը հասել է 4-ի: