2020թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 23:30-ին, «Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ գոտկային շրջանի կտրած վերքով իրենց մոտ է տեղափոխվել 32-ամյա տղամարդ՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: 32-ամյա տղամարդը ճանաչվել է որպես տուժող:
Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում միմյանց միջև կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 32-ամյա տղամարդուն դանակահարել և մարմնական վնասվածք է պատճառել Երևանի 48-ամյա բնակիչը:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձիք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Երևանի 48-ամյա բնակիչը ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին՝ ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: