Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակի առջև օգոստոսի 1-ին հայ համայնքը, տարբեր կազմակերպություններ՝ շուրջ 500 մասնակից, քաղաքական ակցիա են իրականացրել:
1lurer.am-ի հետ զրույցում Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը տեղեկացրեց, որ նպատակն էր ահազանգել, որ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմական գործողություններ են տեղի ունեցել, և այժմ այդ ագրեսիան արագ տեղափոխվում է Գերմանիայի հայ համայնքներ ու եվրոպական հյուսիսային խոշոր քաղաքներ:
«Պետք է անպայման ներկայանայինք, և մեր ձայնը բարձրացնեինք, որպեսզի գերմանական իշխանությունները, համապատասխան օրգաններն արագ արձագանքեն և ուշադրություն դարձնեն դեպի եվրոպական կենտրոններ պատերազմական ահաբեկչական գործողությունների տրանսֆերին»,- ասաց Օրդուխանյանը:
Նրա խոսքով՝ գերմանահայ համայնքը ներկայացված է մոտ 45 կառույցով: 30 հայկական համայք, միություն, կազմակերպություն արձագանքել է նրանց կոչին և միացել նախաձեռնությանը:
«Մոտ 15 հայկական կազմակերպություններ՝ հիմնականում առաջնորդարանի հետ կապված եկեղեցական միությունները, դուրս մնացին: Առաջնորդը չցանկացավ մասնակցել այս ցույցին՝ իր ենթակայության տակ եղած կառույցների միջոցով»,- ասաց Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահը: Նա տեղեկացրեց, որ հանրահավաքի մասնակիցները եկել էին Գերմանիայի տարբեր ծայրերից՝ մինչև 900 կմ հեռավոր տարածքներից: Հանրահավաքին մասնակցել է նաև Բեռլինում բնակվող օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանը:
Հանրահավաքի ավարտին Գերմանիայի կանցլերի ներկայացուցիչներին հանձնվել է նամակ: Օրդուխանյանը հայտնեց, որ նամակում հավաքված էին բոլոր այն մամուլի հաղորդագրությունները, որոնք թեմայի շուրջ կազմակերպությունները հրատարակել էին:
«Նաև շատ կարևոր փաստաթուղթ կար նամակում: Գերմանիայում գործում է հայ- գերմանական իրավաբանների միություն: Գուրգեն Պետրոսյանի ղեկավարությամբ նրանք 15 օր շարունակ գիշեր-ցերեկ աշխատել էին մեկ զեկույցի շուրջ, որը մանրամասնորեն ներկայացնում է պատերազմական գործողությունները Հայաստանում և նաև նրա տեղափոխումը Գերմանիա՝ բոլոր միջազգային իրավական նորմերին խախտման օրինակներով, նկարներով, ամբողջությամբ մանրամասն մշակված էր: Փայլուն աշխատանք էին կատարել մեր իրավաբանները, 30 էջանոց զեկույց էր գերմաներենով և անգլերենով, որը հանձնվեց նաև կանցլերին: Այդ փաստաթղթերի ժողովածուն կամբողջացվի, կհանձնվի նաև անվտանգության ծառայություններին, ներքին գործերի նախարարությանը: Փաթեթը դեռ մեծացնում ենք»,- ասաց Օրդուխանյանը:
Նա շեշտեց, որ եթե հայկական կողմը չարձագանքեր, ապա համայնքային գործունեությունը կարող էր կաթվածահար լինել: Օրդուխանյանը նշեց, որ, օրինակ, կա հայկական այգի՝ Հայաստանից բերված ծառերով, որտեղ գոնե ամիսը մեկ անպայման հավաքվում ու քննարկումներ, ուրախ երեկոներ են կազմակերպվում, իսկ այս անգամ շատերը չեն եկել:
«Որոշ ընտանիքներ չեկան՝ վախենալով, որ այդքան հայերի հավաքի դեպքում կարող է մի սադրիչ, հանցագործ ադրբեջանցի գալ և ռումբ շպրտել մեր մասնակիցների վրա: Եթե այսպես շարունակվի, մարդիկ կարող է համայնքներ չգնան՝ վախենալով, որ կարող են տուժել: Մարդիկ հայկական հագուստներ ունեն, որոնց վրա գրված է Հայաստան կամ հայկական նշաններ կան, կամ ավտոմեքենաների վրա՝ դրանք գտնվում են ուղիղ ադրբեջանցիների նշանակետի կենտրոնում: Մեր արձագանքը պարտադիր էր, և մեր բնակիչները պահանջում էին սա մեզնից»,- ընդգծեց Ազատ Օրդուխանյանը:
Նամակում եղել են նաև շեշտադրումներ, որ հայ համայնքը Գերմանիայում անվտանգ չի զգում և հայկական կառույցներն իշխանությունների ուշադրությունն են հրավիրել՝ որպես Գերմանիայի բնակիչներ՝ արձագանքել և ուժեղացնել համայքների անվտանգությունը:
«Սա նշանակում է, որ մենք պահանջում ենք Գերմանիայի իշխանություններից վերհսկողության տակ վերցնել հարևան ազգի լիդերներին, գործիչներին, վերահսկել նրանց գործունեությունը՝ հեռախոսային վերահսկողությամբ կամ այլ մեթոդներով, որպեսզի ահաբեկչական սադրիչ գործողություններ չիրականացնեն: Կարծում եմ՝ մեր մեսիջն իրենք հասկացան»,- ասաց Օրդուխանյանը: