Օգոստոսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելել է Գավառ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենք` ծանոթանալու շինարարական աշխատանքների ավարտական փուլին և շենքի շահագործման հանձնելու հետ կապված խնդիրներին:
Ինչպես ներկայացրել է շինարարական աշխատանքներն իրականացնող «Ագաթ-777» ՍՊԸ տնօրեն Դավիթ Եսայանը, դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերից և շահագործման պատրաստ կլինի 2020 թվականի ուսումնական տարվա սկզբից: Դպրոցը կառուցվել է նախկին վթարային շենքի տեղում, որը քանդվել է հիմքից: Շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիարդ 380 միլիոն դրամ, որը հատկացվել է «Ասիական զարգացման բանկի» միջոցներից:
«Շինարարական աշխատանքներն ընթացել են ծրագրվածին համապատասխան` առանց խանգարող հանգամանքների: Հինգ մասնաշենքերի կառուցումն այսօրվա դրությամբ ամբողջությամբ ավարտված է: Շինարարության մեջ օգտագործել ենք մինչև 580 տոննա երկաթյա ամրաններ, ինչը հիմք է տալիս համոզված ասելու, որ դպրոցը կառուցված է սեյսմակայունության նորագույն պահանջներին համապատասխան: Ամբողջությամբ ապահովված է որակյալ շինարարություն: Այս պահին մնում է կարգավորել հանձնընդունելության հետ կապված խնդիրները, որից հետո 525 տեղանոց և արդի չափորոշիչներին համապատասխան դպրոցական շենքը շահագործման կհանձնվի այս ուսումնական տարվա սկզբից»,-ներկայացրել է Դավիթ Եսայանը:
Մարզպետը շրջել է դպրոցի մասնաշենքերում, ներկայացրել իր դիտարկումները, ապա պատվիրատու և շինարարությունն իրականացնող կազմակերպությունների և դպրոցի տնօրենի հետ քննարկել շենքի շահագործման հանձնման հետ կապված որոշակի հարցեր:
«Ամեն ինչ պետք է անենք, որ նորակառույց դպրոց հաճախել ցանկացող բոլոր առաջին դասարանցիները սեպտեմբերի 1-ին կարողանան օգտվել այդ հնարավորությունից և ստիպված չլինեն ընտրել իրենց բնակության վայրից ավելի հեռու գտնվող դպրոցներ։ Դրա համար շենքը պետք է որքան հնարավոր է շուտ հանձնվի շահագործման, որպեսզի դպրոցը հասցնի ստանալ սեփականության իրավունքի վկայական, որի հիման վրա դիմի ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ նոր լիցենզիա ստանալու համար, որն էլ թույլ կտա` ավելի շատ թվով առաջին դասարանցիներ ընդունելու դպրոց»,- նշել է Գնել Սանոսյանը։
Կողմերը մարզպետին ներկայացրել են շենքի շահագործման հետ կապված որոշ հարցեր, որոնց լուծմանը մարզպետը խոստացել է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: