Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է «Բեյզ մեթալս» ընկերություն:
«Մեր փոքրիկ երկրի հանքարդյունաբերության առաջատարը գիտական մտքի ներդրմամբ գրանցած հաջողություններով լավ օրինակ կարող է լինել ոչ միայն տարածաշրջանի երկրների ընկերությունների համար:
Ուշագրավ է, որ տարբեր երկրների գիտնականների ներուժի ներգրավմամբ ընկերությանը հաջողվել է պղնձի փոշու տեսքով մետաղական պղինձ ստանալ, որի արտադրության հիմնական հումքը պոչամբարներում պահեստավորված կիսաթափոնն է:
Հաջորդ կարևոր ձեռքբերումը, սեփականատերերի ներկայացմամբ, մոլիբդենի խտանյութ արտադրող գործարանի կառուցումն է, որը նախատեսված է շահագործման հանձնել մինչև ընթացիկ տարվա վերջը:
Երրորդ նախաձեռնությունը պողպատե աղացագնդերի արտադրությունն է: Դրանք գրեթե ամբողջությամբ կիրացվեն գործարանում՝ հանքանյութը վերամշակելիս:
Իսկ ագրոքիմիկատ համարվող պղնձարջասպի արտադրության կազմակերպումը կարևոր նորություն է գյուղատնտեսության համար:
Թվարկածս, իհարկե, տնտեսության զարգացման դասական օրինակ է, որն ապահովում է առաջին հերթին նոր աշխատատեղեր, ապա նաև՝ հարկային մուտքեր պետական բյուջե»,- գրել է Արցախի նախագահը: