Թուրքագետ Հայկ Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում տարածվող ապատեղեկատվությանը, թե թուրքական զինված ուժերի F-16 կործանիչները օդային հարվածի հեռավորության վրա մոտեցել են Երևանին: Թուրքագետը պարզաբանել է՝ կայքը, որով նման տեղեկություն է տարածվել, հայտնի է որպես ավիատոմսեր վաճառող:
Քնած էի, 1 տարեկանից էլ փոքր երեխաս արթնացրեց մի պահ, մտա Ֆեյսբուք և տեսա, որ մի քանի հոգուց նամակ եմ ստացել, որոնք վկայում են իրենց մտահոգ լինելու մասին։ Այո՛, խոսքը ավիատոմս վաճառող կայքի տարածած թուրքական F-16-ի մանևրի լուրի կամ ըստ ամենայնի ապատեղեկատվության մասին է։
Անգամ եթե թուրքական ինքնաթիռն արել է նման մանևր Նախիջևանի օդային տիրույթում, ոչ թե Հայաստանի օդային տիրույթում, հետո՞, անգամ եթե Երևանը վերցրել է թիրախի ներքո, հետո՞։ Եթե նման ամեն դեպքն ավարտվեր կրակով, ապա Հունաստանն ու Թուրքիան մեկ տարում այլևս մարտական ավիացիա չէին ունենա։
Այդ կայքը ծանոթ չէր ընդհանրապես, անգամ ավիատոմս են վաճառում դրանում, ինչո՞ւ է նման ինֆորմացիան տարածվում դրանով։ Արդյոք Ռիա Նովոստին ու ՏԱՍՍ-ը հաղորդե՞լ են այդ մասին։ Անգամ եթե հաղորդել են, անգամ եթե նման մանևր իրականացվել է, ապա միայն վախեցնելու, ահաբեկելու համար։ Ոչ ավելի։
Իմ էջին հետևող բոլոր մարդկանց կոչ եմ անում, որ ցանկացած նման լուրերի դեպքում մտածեն, իրենք իրենց հարցեր տան։ Ասենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իսկապես 200 սիրիացի զինյալի կարիք զգո՞ւմ է, ի՞նչ պետք է նրան տա դա, թեկուզ 600 զինյալը։ Ի՞նչ է, Ալիևը սկսել է ափսոսալ ադրբեջանցիների կյանքը, որ «ունի» զինյալների կարիքը։
Զինյալների գալու անհեթեթությունը 5 կետով բացատրել էի օրեր առաջ։ Հետո սկսվեց Նախիջևանում թուրք-ադրբեջանական ՀԵՐԹԱԿԱՆ զորավարժություններով վախեցնելը, թե բա դա Հայաստան ներխուժելու նախապատրաստություն է։ Մի շաբաթ մնաց զորավարժություններին, դրանից հետո բերանները կփակեն, հուսով եմ, բայց ոչ համոզված։
Հիմա էլ F-16-ի մանևրի մասին է հաղորդվում։ Պարզ է, չէ՞, եթե թուրքական ինքնաթիռը սահմանը հատեր, պետք է տայինք ճակատին ու վայր գցեինք, ինչպես որ Սիրիան արեց 2012 թ․ թուրքական F-4-ի դեպքում։ Էլի եմ ասում, մենք Սիրիայի քրդերը չենք, որ Թուրքիայով փորձեք վախեցնել ու նետել Ռուսաստանի գիրկը։ Չշփոթվե՛ք։ Գնացի քնելու, մնացածը՝ առավոտ»,- ասված է թուրքագետի գրառման մեջ։