Այգեպարցի Սամվել Վիրաբյանը ցույց է տալիս ադրբեջանական զինուժի հուլիսյան հրետակոծության հետքերը: Շինարարները փակում են բաց պատշգամբը, որը հակառակորդը թիրախավորել էր նաև 2015-ի ամռանը: Տունը վնասվել է վերից վար:
Գնդակոծության օրերին այգեպարցի Սամվելը Երևանում վիրահատության էր: Յոթ հոգանոց ընտանիքից կրակոցի պահին կինն ու որդին են տանը եղել: Երեխաներին հասցրել են տարհանել գյուղից: Բարեբախտաբար, չեն տուժել: Տանն անկյուն չկա, որ բեկոր հասած չլինի: Տան մոտ, պատին խփել, խորը փոս է առաջացել, բեկորներն էլ պատուհանից տուն են լցվել:
Հրետակոծությունից տուժած Այգեպարի 66 տնից 52-ը սեփական է, 14-ը՝ բազմաբնակարան շենք: Արկերից քանդված, գնդակներից ու բեկորներից վնասված բոլոր շենք-շինությունների նորոգման աշխատանքը մեծ թափով է ընթանում:
Արկադի Յամուկյան, Տավուշի մարզի Այգեպար գյուղի վարչական ղեկավարի պաշտոնակատար - Վնասները թեթև էին, բայց ունենք 20-25 տուն, որոնց անմիջական մեծ միջամտություն էր պետք, այս պահին սկսված են շինաշխատանքները: Վեց տան տանիքներ են փոխվել, ներսի հարդարման աշխատանք է կատարվում:
Հակառակորդի կրակոցներից քանդված Այգեպարի մանկապարտեզն էլ Փարոս հիմնադրամի աջակցությամբ վերակառուցվում է: Գործի է դրվել նաև ճանապարհաշինական տեխնիկան՝ ասֆալտապատելու Այգեպարի գյուղամիջյան փողոցները:
Քանդածը նորոգելուց բացի, ուժեղացվում է սահմանային համայնքի անվտանգությունը: Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներն ուսումնասիրել են տարածքը: Կկառուցվեն նոր ապաստարաններ:
Վեցամյա Րաֆֆին այս օրերին քիչ է տանը լինում, գյուղը վերականգնող շինարարների կողքին է: Սահմանին կանգնած զինվորներից ու այսօրվա խաղաղության երաշխավորներից մեկն էլ նրա հայրն է: