Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամն այսօր ներկայացրել է լայնածավալ «Կովկասյան բարոմետր 2019» հետազոտությունը։ 2019 թ. հետազոտությամբ փորձ է արվել բացահայտելու հանրային կարծիքը ինչպես կրթության, զբաղվածության, հանրային ինստիտուտների, այնպես և վերջին երկու տարիների ուշագրավ իրադարձությունների՝ թավշյա հեղափոխության, դրան հաջորդած վերափոխումների, բնակչության քաղաքական նախասիրությունների և այլ հիմնախնդիրների վերաբերյալ:
Հիմնադրամը հարցում է կատարել՝ պարզելու, թե քաղաքացին հնարավորության դեպքում կմեկնի՞ Հայաստանից` այլ վայրում մշտապես բնակվելու։ Հարցվածների 73%-ը պատասխանել է ոչ: Այս ցուցանիշը 2017-ին անցկացված հարցման համեմատ աճել է 10%-ով, իսկ հարցվածների 24%-ը համաձայն է մեկնել: Այս ցուցանիշն էլ 11%-ով է նվազել:
Հնարավորության դեպքում կմեկնեի՞ք Հայաստանից` այլ վայրում ժամանակավորապես բնակվելու՝ հարցին հարցվածների 52%-ը պատասխանել է այո, իսկ 47%-ը՝ ոչ: 2017-ին կատարված հետազոտության արդյունքների համեմատ այս ցուցանիշները նույնպես փոփոխության են ենթարկվել: Հայաստանից հեռանալ և այլ տեղում ժամանակավորապես բնակվել ցանկացողների թիվը նվազել է 59-ից, իսկ ժամանակավորապես այլ վայրում բնակվել չցանկացողների թիվն աճել է՝ 40-ից հասնելով 47-ի: