Գյումրիի սելեկցիոն կայանի գիտական նոր հետազոտություններին և սպասվող բերքահավաքին ծանոթանալու նպատակով Շիրակի մարզկենտրոնում էին Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն ու գերատեսչության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը։ Այցի ընթացքում ընկերությանը հանձնվեց ժամանակակից գյուղտեխնիկա՝ երեք տրակտոր և մեկ գութան, որոնք կայանին տրամադրվեցին կառավարության կողմից։
Տիգրան Գաբրիելյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Կարևոր է, որ պետական բոլոր ծրագրերն իրականացվում են որպես փորձնական էսպոնատներ:
Գյումրիի սելեկցիոն կայանի նորաստեղծ ջերմատունը պետական աջակցության այդ ծրագրերից մեկն է: Այս տարի լոլիկի և վարունգի հիբրիդային սորտեր են ստեղծում։ Հարակից տարածքում, դարձյալ պետական աջակցության ծրագրով, հիմնվել է ինտենսիվ այգի, աճեցնում են սալոր և խնձոր։
Հաջողություններ կան կարտոֆիլագործության ոլորտում։ Ռուսաստանից ներկրված բարձորակ և բերքատու 16 սորտի վրա նոր փորձարկումներ են արվում, ինչի արդյունքում Հայաստանի գյուղատնտեսական շուկայում դրա գինը կրկնակի կէժանանա:
Դավիթ Մարտիրոսյան, «Գյումրիի սելեկցիոն կայանի» տնօրենի պաշտոնակատար - Արդյունքում` մենք կունենանք ներկայումս Եվրոպայից ներկրվող սերմերի գրեթե կրկնակի էժան էլիտային սերմեր, որոնք որակով ևս չեն զիջի եվրոպական սերմերին։
Կայանում քայլեր են ձեռնարկվում նաև տոհմային անասնաբուծության զարգացման ուղղությամբ․ հիմնվել է տոհմային տնտեսություն։ Պետական աջակցության ծրագրով Խելացի անասնագոմի ծրագիրը ևս ընթացքի մեջ է։
Պաշտոնյաները հետևեցին բերքահավաքի աշխատանքներին, ծանոթացան նաև ցորենի, գարու, առվույտի և կորնգանի պահեստավորման և պահպանման պայմաններին։ Այցի ընթացքում քննարկվեց նաև Գյումրիի սելեկցիոն կայանի տարածքում գյուղական տուրիզմի զարգացման հնարավորությունը։