Այսօր՝ օգոստոսի 1-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է կասեցման գործընթացներ Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքների մի շարք տնտեսավարողների մոտ, որտեղ ավելի վաղ իրականացված մշտադիտարկումների ընթացքում բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Նշված տնտեսավարողների գործունեությունը կասեցվել է 24 ժամով:
Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:
Տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում շարունակվում է: